Ճամբարակի ոստիկանները «Mercedes»-ի վարորդի մոտ հայտնաբերել են թմրամիջոց. ի՞նչ է կատարվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 5-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրում կանգնեցվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։
Վարորդը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Հարություն Խ․-ն, ոստիկանների ու պարեկների բանավոր պահանջով իր հագին եղած կիսատաբատի գրպանից ներկայացրել է 1 հատ կաթուցիչ և 1 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն մանրացված զանգվածներով, որտեղ կաթուցիչի կշիռը կազմել է 2․17 գրամ, իսկ թղթյա փաթեթի մեջ առկա զանգվածը կազմել է 0․28 գրամ։
Վերջինը ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ ապակյա կաթուցիչի և թղթյա փաթեթի մեջ առկա զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը պատկանում է իրեն և այն շուրջ մեկ ամիս առաջ ձեռք է բերել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Հաղթանակի փողոցում գտնվող դաշտամիջյան հատվածից՝ «Կանեփ» տեսակի բույսից քաղելու միջոցով՝ իր անձնական գործածման համար։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։