Ղրիմի օդանավակայանը կոչվեց Հովհաննես Այվազովսկու անունով
Ռուսաստանի քաղաքներում անցնող տարվա ընթացքում քվեարկություն էր ընթանում՝ բնակիչներն իրենք էին ընտրում, թե ում անունով անվանակոչեն իրենց քաղաքի օդանավակայանները:
Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում աներկբա հաղթանակ տարավ Հովհաննես Այվազովսկին՝ մի քանի անգամ գերազանցելով կայսրուհի Եկատերինա Երկրորդին։ Այս մասին հայտնեց Ղրիմի կառավարությունը՝ դկտեմբերի 1-ին տեղի ունեցած առցանց քննարկման արդյունքները ամփոփելուց հետո: Ըստ մասնագետների, ցուցակում եղել է 10 հոգու անուն, որից բացարձակ մեծամասնությամբ հաղթել է Այվազովսկին:
Քչերը գիտեն, որ օդանավակայանը ճապոնացի մասնագետների խորհրդով կառուցվել է Այվազովսկու ծովային ալիքների հիման վրա: Ճարտարապետական այդ լուծումը պարզապես ցնցում է ներկաներին: Այն պահանջել է մեծ ռսուրսներ`մարդկային և ֆինանսական, որը ապահովել է միջազգային մի ընկերություն:
Ղրիմ ժամանելիս Այվազովսկու մասին հիշեցնում է ոչ միայն օդանավակայանի անվանումը։ Այստեղ շատ լավ են ճանաչում իրենց մեծ հայրենակցին։ Եթե Ռուսաստանի այլ քաղաքներում Այվազովսկու մասին կասեն «ռուսաստանցի մեծ ծովանկարիչ», ապա Ղրիմում անպայման շեշտում են, որ նա իր հայրենի քաղաք Թեոդոսիային նվիրված հայ է եղել։ Այստեղ ճանաչում են նույնիսկ նրա եղբորը՝ Գաբրիել Այվազովսկուն և նույնիսկ կհուշեն եղբայրների իսկական ազգանունը՝ Գայվազյան։
Այս ամենը Այվազովսկու մեծ հանճարի և նրա բարության խորհրդանիշն են, նա իսկապես շատ բան է արել Թեոդոսիայի համար:
Լիանա Մարտիրոսյան