Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն. Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կայուն զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի. այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից եւ աշխարհագրական դիրքից։ Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից:
Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու եւ ներառական հասարակություն կառուցելու համար:
Որպես ժողովրդավարական երկիր եւ միջազգային հանրության հուսալի եւ կանխատեսելի անդամ՝ Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային համագործակցության մեջ` գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, կայուն զարգացմանը նպաստելու եւ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:
Մենք հանձնառու ենք շարունակել կառուցողական երկխոսությանը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները եւ առաջընթաց եւ բարգավաճում ապահովելու մեր ժողովուրդների համար:
Մենք դեմ ենք բաժանարար գծերին եւ առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում:
Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման եւ խաղաղության օգտին:
Ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի եւ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի:
Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ՝ բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու եւ լուսավոր ապագա կառուցելու համար»: