Ազատ խոսք

Ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները». իրանագետ

«Օգոստոսի 9-ի վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանի համար հետագա խնդիրներ ստեղծելու բացասական ներուժ ունեցող սահմանումներից մեկը այդ փաստաթղթի երրորդ կետի այս հատվածն է՝ «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» »։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ողջ պետական մեքենան մինչև այս «անխոչընդոտ» բառն արդեն իսկ մեկնաբանել է՝ որպես ազատ, առանց որևէ ստուգման և խոչընդոտի հաղորդակցության ապահովում Հայաստանի Սյունիքի մարզով Բաքվի և Նախիջևանի միջև։

Թեև նույն կետում արձանագրված Հայաստանի համար «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը փորձ է հավասարակշռելու վերոնշյալ «անխոչընդոտ» բառով տրված հեղհեղուկ սահմանումը, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից հետագա շահարկումների դուռը բաց է թողնված, իսկ այն կարող էր նույն այս փաստաթղթում փակվել, եթե, դիցուք, լիներ «Հայաստանի համար նույն պայմաններով» ձևակերպումը։

Իսկ ամենահեշտ և Բաքվի բռնապետության կողմից մեքենայությունների խնդիրը փակող ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները»»,–գրել է նա։