Մամուլ

Ձվի արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, և դա անում են փոքր խանութներն ու շահագրգռված երրորդ անձինք․ մանրամասներ

Ձվի արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, և դա անում են փոքր խանութներն ու շահագրգռված երրորդ անձինք․ մանրամասներ

1in.am-ը գրում է․ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Զատկի տոնին ընդառաջ խանութներում եռուզեռ է, Զատկի տոնի խորհրդանիշ ձուն էլ՝ դեֆիցիտ։ Սովորական օրերին 60-70 դրամով վաճառվող ձուն այսօր վաճառվում է 85-90 դրամով, իսկ տնական ձուն արդեն ռեկորդներ է սահմանում. տնական ձուն վաճառվում է 110-150 դրամով։
Քաղաքացիներն էլ, դժգոհելով, բայց մեկ է՝ տուփերով, տոնից մեկ շաբաթ առաջ արդեն մեծ քանակությամբ գնում են։

Ձվի գինը բարձրացել է այն պարագայում, երբ ոչ մի արտադրողի մոտ ձվի գնի բարձրացում վերջին օրերին չի եղել: Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, և դա անում են փոքր խանութներն ու  շահագրգռված երրորդ անձինք՝ առաքման ցանցերը, որոնք մեծ խանութներից անգամ սայլակներով ձու են գնում, ապա տանում և վերավաճառում են։

dzu

Ստեփանյանի խոսքով՝ արտադրողները ձուն բաց են թողնում 58-ից 63 դրամով, իսկ խանութներում դա վաճառվում է 90 կամ 100 դրամով, և ՏՄՊՊՀ-ն պետք է պարզի այդ շղթան։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասաց, որ  խնդիրը  ավելի շատ տնտեսվարողների մոտ է, ովքեր փորձում են մեկ-երկու օրվա մեջ հավելյալ գումարներ աշխատել։

Վիճակին նպաստում են նաև մարդկանց խուճապային գնումները, որի կարիքը բացարձակ չկա. «Ձու արտադրող ընկերությունները արդեն հավաստիացրել են, որ դեֆիցիտ չի լինի, ուղղակի փոքր խանութներն են փորձում առիթից օգտվել ու  մի քիչ ավելի գումար աշխատել։

Իրենք գնում են ձուն և նոր գին սահմանելով՝ վաճառում են։ Հետևաբար, եթե խնդիր կա, ապա այդ  խնդիրը առաջանում է վերջին օղակում՝ խանութում, և սպառողը պետք է ուշադիր լինի  և ընտրի՝ որտեղից գնում կատարել»,- ասաց Չիլինգարյանը՝ ավելացնելով.

dzver

«Ուղղակի մեր ժողովուրդն էլ հետաքրքիր վարքագիծ է դրսևորում։ Եթե իրենց 10 հատ ձու է պետք, գնում են ու 30-40 հատ են  առնում ու դրանով արհեստական դեֆիցիտ են ստեղծում։ Եվ դա այն դեպքում, որ այդքանը չեն էլ սպառում։ Մի  քանի շաբաթ պահում են ու հետո թափում։ Ամեն դեպքում՝ անկախ ամեն ինչից, հուսով ենք, որ դեֆիցիտ իսկապես չի առաջանա, ինչպես և խոստացել են արտադրողները»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել