«Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու». պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել
«Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու». պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել։
Sputnik Արմենիան գրում է․ Պայթուցիկի պատճառով Գարուշի բութն ու ցուցամատը անդամահատել են, իսկ միջնամատը հաջողվել է «հավաքել»։ Տղան, սակայն, որոշել է` ոչ միայն ինքը երբեք չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու նման բան անել։ 10-ամյա Գարուշ Թարվերդյանն արդեն գիտի` Ձմեռ պապից ինչ է ուզելու, սակայն մինչ այդ մասին մեզ էլ կպատմի, հանկարծ լռում է, ու հետո արագ–արագ, մտածածից ազատվելու համար` ասում. «Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու։ Չեմ կարողանալու գրել։ Երևի չեմ գրի»։
Գարուշը դեկտեմբերի 2–ին դպրոցից տուն վերադառնալիս Արտաշատի խանութներից մեկից պայթուցիկ է գնել, բերել տուն ու ինքն էլ չգիտի ինչու` հենց տանն էլ վառել է այն։ Հետո տեսել է, որ պայթուցիկը սկսում է այրվել, չի ուզել տան մեջ գցել, որ հանկարծ որևէ բան չվնասի, և այն ափի մեջ է պահել։ Պայթուցիկը տրաքել է հենց ձեռքի մեջ, վնասել տղայի աջ ձեռքի երեք մատները։ Բութն ու ցուցամատն ամպուտացրել են, իսկ միջնամատը հաջողվել է «հավաքել»։
«Պայթուցիկը պահել էի ձեռքիս մեջ ու մինչև մտածում էի ինչ անել` պայթեց։ Տանը մենակ էի, ծնողներս դեռ աշխատանքից չէին եկել։ Մեր ներքևի հարևանը լսել էր ձայնը և եկել մեր տուն։ Հետո, որ տեսավ արյունոտ ձեռքս, արագ տաքսի կանչեց ու ինձ տարավ Արտաշատի ԲԿ»,–պատմեց Գարուշը։
Արտաշատի ԲԿ–ում Գարուշին ցավազրկող ներարկելուց ու ձեռքը վիրակապելուց հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ այցելել էինք` նրա հետ զրուցելու։
Գարուշն արդեն մեծ տղա է` Արտաշատի 5–րդ դպրոցի 5–րդ դասարանում է սովորում ու հասցրել է կարոտել դասարանցիներին։ Հոգնել պառկած մնալուց։ Ասում է` դեպքից հետո շատ բան է փոխվել իր մոտ. սկսել է բժիշկներից, ներարկումից չվախենալ, բացի այդ, հասկացել է` պայթուցիկ գնելն ու այն կիրառելը երեխաներին ուղղակի պետք է արգելվի։
Գարուշին հարցնում եմ` սիրած աղջիկ ունի՞։ Տղան նախ մորն է նայում, հետո` ինձ ու պատասխանում` ո՛չ, չունի։ Հետո հանկարծ հիշում է` դասընկերուհիներից մեկի մայրը զանգել է իր մորն ու իր առողջական վիճակից հետաքրքրվել․․․
Ու քանի որ արդեն այնքան ենք զրուցել, որ ընկերացել ենք, Գարուշին համոզում եմ, որ չընկճվի. ես իր փոխարեն Ձմեռ պապին նամակ կգրեմ։ Ասում եմ` ձեռագիրս լավն է, պապը հեշտությամբ կկարդա։ Տղան անկեղծանում է` Ձմեռ պապից «ներֆ» է ուզում` խաղային զենք։
«Զենքեր սիրում եմ։ Ինձ հետաքրքրում է` ոնց են դրանք կրակում, ոնց են պատրաստված։ Դրանով կխաղամ ու պայթուցիկների մասին կմոռանամ։ Բոլոր երեխաներին ուզում եմ ասել` մտքներով չանցնի պայթուցիկ գնեն, իսկ եթե շատ են ուզում, թող հայրիկի հետ պայթեցնեն այն»,–ասում է նա։
Մինչ հիվանդասենյակում ենք, Գարուշի բժիշկը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանն է տեսակցում նրան։ Գարուշը չէր ստել. բժշկից չի վախենում, ավելին` սիրով է պատասխանում նրա հարցերին։
–Գարուշ, ինչպե՞ս ես, հո չի՞ ցավում,–հետաքրքրվում է բժիշկը։
–Չէ, արդեն լավ եմ, վե՛րջ,– դուրս գրվելու թաքուն հույսով պատասխանում է տղան։
Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնում է` երեխան հիվանդանոցից դուրս կգրվի 3-4 օրից հետո միայն։
Բժշկի խոսքով` Գարուշն այս սեզոնի առաջին երեխան է, որ պայթուցիկից վնասվածք է ստացել. տարեկան նման 10-15 դեպքեր են լինում, մեծամասամբ` հենց Ամանորից առաջ և հետո։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։