Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարը
Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարը
Քիչ առաջ Politik.am-ը գրեց, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։
Ինչու է ձերբակալվել, դեռ պաշտոնապես հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ՝ մինչ այդ արդյոք Արզումանյանը հրավիրվել է հարցաքննության որեւէ կարգավիճակով, որից հրաժարվել է եւ դրա համար ուժայինները որոշեցին ձերբակալել նրան:
ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարն այս պահին Քննչական կոմիտեի Զինվորական քննչական բաժնի ՀԿԳ վարչությունում հարցաքննվում է, սակայն դեռ մեղադրանք չկա առաջադրված:
Տեղեկացանք նաեւ, որ նրան հարցաքննության են հրավիրել 44-օրյա պատերազմի հանգամանքների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ այսօր զոհվածների և անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնելու ՀՀ գխավոր դատախազության առջև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:
Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանին ձերբակալել են պատերազմի մասնակիցների ծնողների բողոքի ակցիային ընդառաջ՝ ցույց տալու համար, որ պատասխանատվության են ենթարկում 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարին:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո Արցախի ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Արզումանյանը, ում պաշտոնավարման ժամանակ էլ 44-օրյա պատերազմը ավարտվեց հայկական բանակի պարտությամբ: