Մամուլ

Ձերբակալվել է Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող օտարերկրացին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի իրենց գործընկերների հետ օրեր շարունակ իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչություն, որտեղից այնուհետև նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա օտարերկրացի է՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 6-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կար։

Օպերատիվորեն ժամանել էին քրեական և համայնքային ոստիկանները։  

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում էին քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում հայտնաբերվել էին արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում