Շոու-բիզնես

Ձախ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես»

Ձախ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես»

Ապրիլի 7-ին, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ներկայացրել է «Ես առանց քեզ» երգի տեսահոլովակը, որը նվիրել է իր կնոջ՝ Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին: Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է՝ երգչի հայաստանյան պրոդյուսերը, պատմել է այս երգի եւ տեսահոլովակի ստեղծման պատմությունը:

«Երգի հեղինակն ու կատարողը կապանցի Գագիկ Գրիգորյանն է, ում կատարումները ժողովուրդը նմանեցնում է Հարութ Փամբուկչյանին: Այս երգն անցյալ տարի Ձախ Հարութը առաջին անգամ երգեց իր մենահամերգին՝ դարձյալ կնոջ լուսանկարներով պատրաստված լեդային շոուի առկայությամբ, որով հասկացանք, որ կարծես երգը հենց իր կնոջ բացակայության համար գրված լիներ: Արդյունքում  աննկարագրելի բուռն արձագանքից հետո հենց Հարութը առաջարկեց, որ այն նաեւ տեսահոլովակով ներկայացնենք»,- պատմեց Խ. Եղոյանը:

Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարի վերջին, երբ Ձախ Հարութը Հայաստանում էր: Ռեժիսորի խոսքով՝ երգիչը հիմնականում չի միջամտել նրա մտքերին:

«Այն պահից սկսած, երբ ես ու Հարութ Փամբուկչյանը սկսեցինք միասին աշխատել, նա ինձ ամբողջությամբ վստահում է, ինչն ինձ համար մեծ պատիվ է: Այս անգամ էլ նա ինձ վստահեց ու հավատաց»,- նշեց Խաչիկն ու խոսեց տեսահոլովակում Ռուզաննա Փամբուկչյանի մասնակցությամբ տեսանյութերի ընդգրկման մասին.

«Տեսահոլովակի նման սյուժեի գաղափարն իմն էր, բայց հետո այն մեր մեծ թիմով մշակեցինք: Հայրս՝ Արտավազդ Եղոյանը, որպես Հարութ Փամբուկչյանի մանկության ընկեր, դեռ 1989թ-ին կատարել էր այդ նկարահանումները եւ այդ կադրերը պահել էր իր արխիվում, ես էլ, իմանալով այդ մասին, ինքս առաջարկեցի օգտագործել դրանք այս տեսահոլովակում:

Իսկ նկարահանված երիտասարդ աղջկան գտանք քասթինգ դպրոցներից մեկում. Նա այնքան նման է Ռուզաննային, որ Հարութը, երբ տեսավ այդ 17-ամյա աղջկան, արտասվեց, գրկեց նրան ու ասաց՝ «Դու իմ փոքր Ռուզանն ես»: Այդ աղջկա միջոցով փորձեցինք ցույց տալ, որ Ռուզաննան տիեզերքում է՝ ինչ-որ մի կետում»,- պատմեց ռեժիսորը:

Կիսվել