Հ1-ի տաղավարում մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Հանրային հեռուստաընկերության» բակում տհաճ միջադեպ է եղելմիմյանց քաշքշել, վիրավորել են քաղաքագետներ Սուրեն Սահակյանը եւ Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1 բանավիճելու:
Միջադեպն այնքան սուր է եղել, որ դեպքի վայր են ժամանել անգամ իրավապահները։ Ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի երկու մասնակիցներն էլ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նա ասաց, որ ծեծկռտուքի պատճառը հեռուստատեսության եթերում, բանավեճի ժամանակ Արեգ Քոչինյանի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններն են եղել։ «Արեգ Քոչինյանի կողմից անհանդուրժողական մթնոլորտ կար, ագրեսիվ վարք, երբեմն նաեւ վիրավորում էր ինձ, հետեւանքն էլ դա եղավ»,-ասաց Սահակյանը։
Փորձեցինք լսել նաեւ Արեգ Քոչինյանի տեսակետը, բայց նա զանգերին չպատասխանեց։
Քաղաքագետներն իրար հետ լեզու չեն գտել «Հ1»-ի՝ «Տարբեր կարծիքներ Տաթեւ Դանիելյանի հետ» հաղորդման ժամանակ, երբ քննարկել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղիները։