ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը
ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«ՀՔԾ-ն ստացել է միջադեպի վերաբերյալ նյութերը»,- ասաց Օհանջանյանը։
Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն։
Ապրիլի 29-ին Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ոստիկանությանը հաղորդել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել են։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը և նշել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։
Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։