Հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի մեքենան
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղեկություն է ստացվել, որ ժամը 01:55-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ: