Մամուլ

Հրդեհ Բուսաբանական այգում

Հրդեհ Բուսաբանական այգում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9-րդ և թիվ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուսաբանական այգու խոտածածկույթում և մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են Բուսաբանական այգու աշխատակիցները:

Տեղում ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Մուշեղ Հովհաննիսյանը, Էդգար Սարիբեկյանն ու Վլադիմիր Դերձյանը, գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի հետ Պարեկային ծառայության ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչներ (огнетушитель) և պայքարել կրակի տարածման դեմ:

Պարեկների մի քանի խումբ էլ՝ ՊԾ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, հատուկ ճիպոտներով կանխում էին կրակի տարածումը, մինչ այդ նրանք նույնպես կրակմարիչներով էին աշխատում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարների, պարեկների և Բուսաբանական այգու աշխատակիցների օպերատիվ գործողությունների շնորհիվ, մեծ թվով ծառեր և բուսածածկույթ փրկվել է կրակի ճիրաններից, հակառակ դեպքում դրանք կվերածվեին մոխրի:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացրել:

Պարզվել է՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:

Կիսվել