Մամուլ

Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով

Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով

2013թ․հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն այսօրվանից պատժի մնացած մասը կկրի բաց տիպի ռեժիմով:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելով, որ պատժի մնացած մասը բաց տիպի ռեժիմով կրելու կարգագիրը կա, և Հարությունյանն արդեն գտնվում է բաց ռեժիմով պատիժը կրողների համար նախատեսված տեղամասում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ Հրաչյա Հարությունի նկատմամբ ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը ճանաչելու վերաբերյալ, բավարարել է այն:

ՌԴ դատավճիռը ճանաչվել և համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին և մնացել անփոփոխ:

Բաց ռեժիմով պատիժը կրող անձինք մի շարք հնարավորություններից են օգտվում, անձը, աշխատանք գտնելու դեպքում, համապատասխան հիմքը ներկայացնելու պարագայում, կարող է ՔԿՀ-ից դուրս գալ և գնալ իր աշխատանքին, սակայն վերադառնալ սահմանված ժամից ոչ ուշ, նրանք նաև հնարավորություն ունեն կարճատև արձակուրդ գնալ:

Կիսվել