Մամուլ

Հրամանատարը լացում է զոհված զինվորի ծնունդին. «Որդուս անունը Սևակ եմ դնելու». (Տեսանյութ) 

Aravot.am-ը գրում է․ Այսօր մենք այցելեցինք Արմավիրի մարզի Արևիկ գյուղ: Ապրիլյան պատերազմի հերոս, բազմաթիվ շքանշանների և մեդալների արժանացած Սևակ Խաչատրյանի 20-ամյակն էր: Մի քանի ամիս էր մնացել, որ զորամասի հպարտություն, զորամասի պարծանք դարձած Սևակը զորացրվեր, եթե չլիներ հակառակորդի ոտնձգությունն ու գաղտնի արձակած գնդակը:

Այսօր Արևիկ գյուղի դպրոցում նշում էին հերոսի տարեդարձը: Ու ողջ միջոցառման ժամանակ դահլիճում իր արցունքներն էր սրբում մի տղամարդ: Ինչպես հետո պարզեցինք՝ Սևակի հրամանատարն էր՝ փոխգնդապետ Զավեն Հունանյանը:

hramanatar

Նա դժվարանում էր շնորհավորել սիրելի զինվորին. «Չգիտեմ այսպիսի դեպքերում ինչ են ասում: Սևակը մարդ էր, ով իր ապրելով բոլորին ցույց տվեց, թե ինչպիսին է լինում հայը ու ոնց է պետք ապրել: Ես այսօր չեմ խոսի ձեր հետ, թե Սևակը ոնց ընկավ: Ես կպատմեմ, թե Սևակը ոնց է ապրել: Նա այն հազվադեպ երիտասարդներից է, որ ծնվելով իսկական հայկական ընտանիքում, իսկական հայրենասերի դաստիարակությամբ է եղել: Ինքը ուներ հնարավորություն, որ սովորելուց հետո գնար բանակ, բայց իր անձնական խնդրանքով, հստակ գիտենալով ու հասկանալով երկրում բարդ իրավիճակը՝ շուտ գնաց: Սևակը բոլորին ցույց տվեց, թե ինքը ոնց է ապրել: Ես հիշում եմ իր հետ ունեցած մեր առանձնազրույցները»:

Զավեն Հունանյանն ասաց, թե ինչպես է Սևակը ամեն վայրկյան պատրաստ եղել հայրենիքի համար զոհել իր ունեցած ամենաթանկը՝ կյանքը. «Սևակը եկավ բանակ՝ արդեն կրթված, կայացած որպես երիտասարդ լրացրեց մեր շարքերը, իր ով լինելով՝ բոլորին ցույց տվեց, թե ոնց է պետք պահել ու պաշտպանել հայրենիքի պետական սահմանը, որտեղ թշնամին մի խրամատ անցնելուն պես՝ հասնելու է այստեղ»:

Հրամանատարը երիտասարդներին հորդորեց. «Նայեք Սևակին, սովորեք Սևակից, փորձեք մի փոքր լինել Սևակ, լինել հայ ընտանիքին արժանի զավակ»: Նա պտտվեց դեպի Սևակի լուսանկարը ու շնորհակալություն հայտնեց. «Իմ համար պատիվ է եղել քո հետ միասին մի խրամատի մեջ լինել, պատիվ է ճանաչել քեզ ու իմ համար ամենամեծ պատիվն այն է, որ ոչ թե գրքեր կարդալով ես պետք է իմ երեխաներին սովորեցնեմ, թե ոնց է պետք ծառայել, ոնց է պետք լինել իսկական հայ, անձնուրաց, այլ Սևակի սխրագործությամբ, Սևակի օրինակով պիտի մեծացնեմ իմ տանն ապրող 3 տարեկան զինվորիս»:

Մեզ հետ զրույցում Զավեն Հունանյանն ասաց. «Սևակը առանձնահատուկ էր իր մտածելակերպով, գաղափարներով, իր պատրաստակամությամբ, չխուսափելով, գլուխն առաջ տանելով, առաջինն առաջադրանքը կատարելով, տարբերվելով, մնացածին իր հետևից տանելով՝ ամենակարևորը: Սա հրամանատարի որակներին է համապատասխանում»:

Հրամանատարը, որը Հայոց բանակում 17 տարի է, ինչ ծառայում է, ասաց, որ մինչև «ձեռքերս, ոտքերս թուլանան՝ ծառայելու եմ, դրանից կարևոր բան կյանքում չկա»: Մենք հրամանատարին հարցրեցինք՝ ամեն զինվորի կորստից հետո այսպիսի ապրումնե՞ր եք ունենում, ինչպես այսօր՝ նա պատասխանեց, որ ապրումներ է ունենում անգամ ամենաչնչին սխալի դեպքում, էլ չասած՝ զինվորի կորստի, բայց հասկանում է՝ պատերազմն առանց կորստի չի լինում.

«Նման մարդկանց սխրագործությունների վրա է կազմվում Հայկական բանակը, օջախները նման մարդկանց սխրագործություններով են ավելի ամրապնդվում: Ես հպարտ եմ, որ Սևակ Խաչատրյանի պես զինվոր ունեմ, հպարտ եմ, որ ճանաչում եմ այս ընտանիքին: Եթե ինձ հնարավորություն ընձեռնվի ևս մեկ հատ որդի ունենամ, ես իմ որդու անունը կոչելու եմ Սևակի անունով: Ինձ թվում է, ես ուրիշ ձև չեմ կարող արտահայտել իմ զգացմունքները՝ իմ զինվորին, իմ ընկերոջը, իմ որդուն»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել