Մամուլ

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանում հայտնի քաղաքական գործիչներից մեկի տղան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև պետք է ժամանեն դեպքի վայր։

Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի տղան է, իսկ զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։