Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մարմին
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է անձը չպարզված դի։
Այս պահին տեղեկությունը ոստիկանության Մաշտոցի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



