Շոու-բիզնես

«Հռիփսիմեն մեր տան թագուհին է». Գրիգոր Դանիելյանի անակնկալը կնոջ 36-ամյակին, սիրո խոստովանությունն ու հանգիստը Շրի Լանկայում

Դերասան Գրիգոր Դանիելյանի ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում հունվարը կրկնակի տոնական է. հունվարի 11-ին Գրիգորի տարեդարձն էր, երեկ՝ հունվարի 19-ին՝ Հռիփսիմեի: Երկուսն էլ այս տարի դարձան 36 տարեկան: Ամուսինները որոշել են այդ առիթով նվեր մատուցել իրենք իրենց և մեկնել Շրի Լանկա:

Գրիգոր Դանիելյանի հանգստի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել սիրելիին մատուցած անակնկալի և բոլորից փախչելու որոշման պատճառի մասին:

«Իմ ու Հռիփսիմեի ծննդյան կապակցությամբ որոշեցինք ինքներս մեզ անակնկալ մատուցել, փախչել հեռու և հանգստանալ: Չհասցրեցինք ավելի շուտ տոմս գնել, իմ տարեդարձին դեռ Հայաստանում էինք, սակայն Հռիփսիմեի ծննդին արդեն այստեղ ենք: Մի քանի տարի է՝ որոշում ենք մեր ծնունդներին գնալ հանգստանալու, սակայն չի ստացվում: Որպես կանոն՝  հունվարին վազքի մեջ ենք լինում, մոռանում ենք մեր մասին: Այս տարի որոշեցինք հիշել ինքներս մեր մասին՝ մեր կյանքից ընդամենը 7 օր տրամադրել մեզ, հետո կվերադառնանք ու կշարունակենք ապրել մյուսների համար»,- ժպիտով ասաց դերասանը:

Գրիգոր Դանիելյան

Կեսգիշերին Գրիգորը փորձել է անակնկալ մատուցել սիրելիին՝ չնայած վերջինս չի դիմացել և ժամանակից շուտ է քնել:

«Փորձում էի ամեն ինչ անել, որ Հռիփսիմեն չքնի, բայց ինքը շուտ է  քնում: Ամեն դեպքում կեսգիշերին նրան արթնացրի և շնորհավորեցի: Հյուրանոցի աշխատակիցներին ասել էի, որ տորթ ու մոմեր բերեին, բայց նրանք մոմերի փոխարեն լուցկի էին բերել: Հռիփսիմեն ստիպված էր երազանք պահել «լուցկիները» փչելով»,- պատմեց նա:

Հռիփսիմեն ընտանիքի միակ կինն է. Գրիգորը նկատեց, որ ինքն ու տան փոքրիկ տղամարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի կինն իրեն զգա որպես թագուհի: Դերասանը երբեք չի խուսափում հանրային սիրո խոստովանություն անել սիրելիին: Նա նշեց, որ հիմա իրեն զգում է նույնքան երջանիկ, որքան 2008 թվականին, երբ Հռիփսիմեն հայտնվեց իր կյանքում:

Գրիգոր Դանիելյան

«Միշտ ասում եմ, որ Հռիփսիմեն մեր տան թագուհին է, որովհետև տղամարդկանցով ենք շրջապատում նրան: Շատ հաճելի անակնկալի եկանք, երբ Ինստագրամում տեսանք մեր մեծ տղայի՝ Ալբերտոյի գրառումը մայրիկի մասին, նա նշել էր, որ ուզում է մայրիկը ևս 64 տարի ապրի և միասին նշենք նրա 100-ամյակը:Հասկացանք, որ մեր տղան արդեն մեծանում է, մենք էլ՝ իր հետ: Ռոբերտոն դեռ երկուսուկես տարեկան է, հիմա Հայաստանում է: Տեսազանգով խոսում էինք, Ռոբերտոն գնացել էր մեր սենյակ ու շատ հեռվից գոռում էր «շորավոր»: Կարծում եմ՝ իր տարիքի համար դա բավական է»,- ասաց դերասանը:

Ամուսիները, երբեմն, կարողանում են իրար համար անակնկալ կազմակերպել, երբեմն, միասին են որոշում, թե ինչպես են կազմակերպելու օրը: Այս տարի անակնկալներ, որպես այդպիսին, չեն եղել, միասին նախապես ընտրել են, թե ինչպես են անցկացնելու օրը: Ամբողջ տարվա ընթացքում աշխատանքային ռիթմի մեջ գտնվող ամուսինները հանգստի փուլում նախընտրում են պասիվ մնալ, սակայն Հռիփսիմեի ծննդյան օրվա համար նախապես ջունգլիներով ուղևորության փաթեթ են վերցրել և գետային սաֆարիի միջոցով բացահայտել Շրի Լանկան:

Գրիգոր Դանիելյան

«Հանգստի ընթացքում դա մեր ամենահագեցած օրն էր: Շատ հետաքրքիր անցավ, սակայն մյուս օրերին նախընտրում ենք ավելի պասիվ լինել, որպեսզի լիարժեք հանգստանանք, ,-ասաց Գրիգորն ու հավելեց, որ ծննդյան երեկոն կնոջ հետ անցկացրել են գինի խմելով,- Այստեղ մեր հայրենակիցներից հանգստացողներ կան: Երեկոյան նրանց հետ գնացինք գինի խմելու»:

Գրիգորը նշեց, որ ինքն ու Հռիփսիմեն ևս մի նվեր են մատուցել իրենք իրենց նոր երգի տեսքով: «Որոշել ենք, որ այս տարին առավել հագեցած է լինելու երաժշտական նորություններով: Տարեսկզբին ներկայացրինք մեր նոր երգը՝ «Եզակին», որն ընտանեկան մաքուր սիրո մասին է: Շատ ուրախ ենք, որ բավականին լավ արձագանքներ եղան: Հիմա նոր երգի ստեղծագործական աշխատանքներն ենք տանում: Ռիչարդ Մադլենյանը երաժշտությունն է գրում, ես էլ հենց այստեղ բառերն եմ գրում, որպեսզի վերադարձից հետո ունենանք հետաքրքիր երգ»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել