ՀՊՏՀ-ում ուսանողուհիների ծեծից հետո ծեծողին հեռացրել են, ծեծվողի հարցը քննարկվելու է
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թեժ կռիվ և վեճ է եղել ուսանողուհիների միջև։
Ամեն բան սկսվել է նրանից, որ 4-րդ կուրսի ուսանողուհին անհանդուրժողականություն է դրսևորել և ծեծել 3-րդ կուրսի ուսանողուհու՝ վերջինիս լսարանում դաս անելու, լսարանից դուրս գալու շուրջ ծագած խնդրի պատճառով։
4-րդ կուրսի ուսանողուհին «հրամայել է», որ 3-րդ կուրսի ուսանողները լքեն լսարանը, քանի որ իրենք պետք է այդ լսարանում դաս անեն։
3-րդ կուրսի ուսանողուհին խնդիրը փորձել է հասկանալ դեկանատի աշխատակիցների հետ և բարձրաձայնել է խնդիրը՝ փորձելով լուծել լսարանի զբաղվածության անհամապատասխանությունը։ 4-րդ կուրսի ուսանողուհին, որը ըստ ArmLur.am-ի տեղեկությունների բռնցքամարտիկ է, իմանալով որ դեկանատում հնչել է բողոք, փորձել է ուժով հարցեր պարզել իրենից փոքր ուսանողուհու հետ և վերջինիս ծեծի է ենթարկել։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը․
«Մեր ակադեմիական բարեվարքության կարգով արգելված է անհանդուրժողականությունը և մեր արժեքային համակարգում ամրագրված է, որ բոլորս բոլորի նկատմամբ պետք է լինենք հարգալից և հանդուրժող։ Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու, հարցը քննարկել ենք և, առաջնորդվելով համալսարանի էթիկայի կանոնակարգով, ինչպես նաև ներքին կարգապահական կանոններով, այն ուսանողուհին ով ծեծել էր, հեռացրել ենք համալսարանից։
Մյուս ուսանողուհին գրել է բացատրություն և առաջիկայում լինելու է ռեկտորատի նիստ։ Կախված բացատրությունից, մյուս ուսանողի հարցն էլ կքննարկվի ռեկտորատի նիստում։ Բայց մյուս ուսանողը ո՛չ կռիվ է հրահրել, ոչ՛ էլ մեծ հաշվով մեծ մասնակցություն է ունեցել։ Առաջացել է խնդիր, նա գնացել դեկանին է ասել, մյուսը այպանել է դեկանին ասելու համար, հետո ծեծել է։
Ծեծողին անմիջապես ենք հեռացրել հարցը քննարկելուց և նրա բացատրությունը լսելուց հետո։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է, ռեկտորատի նիստը դեռ չի եղել»,- ասաց ռեկտորը։