Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից. մոտ 60 նավ պատրաստ սպասում են
Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից. մոտ 60 նավ պատրաստ սպասում են
Հունաստանի ծովային ուժերը տագնապի նարնջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայանած ռազմանավերին եւ հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուրքիայի կողմից թշնամական հնարավոր գործողությունների: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայն-ը։
Հունաստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին ու նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները:
Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն այստեղ առաջին անգամ այստեղ ուղարկվելուց հետո երկու երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջեւ:
ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն 14 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, թուրքական որեւէ նավ այսքան չէր մոտեցել հունական որեւէ կղզու:
Նավը, որը ըստ թուրքական կողմի իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավերերի ու սուզանավերի վերահսկողության ներքո:
Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ:
Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որեւէ ոտնահարում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի:
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները:
Աթենքը ներկայումս փորձում է համոզել Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաեւ կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան ու մի քանի այլ երկրներ: