Մամուլ

Հուլիսի 5-ը նշվում է ՀՀ Սահմանադրության օր

Անկախության հռչակումից հետո ՀՀ Սահմանադրության օր ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Հայաստանի Սահմանադրությունը  երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին, իսկ երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին։ Երկու փոփոխություններն էլ իրականացվել են հանրաքվեների միջոցով։ 2021թ․ մեկնարկել է ՀՀ Սահմանադրության երրորդ փոփոխության գործընթացը։

Ներկայումս գործող ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և տասնվեց գլուխներից։ Նախաբանը (Պրեամբուլան) սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները: Այն իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։

Փորձագետները Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական կարգի լրջագույն թերություններից մեկը համարում են այն, որ ներկայիս Հանրապետությունը փաստացի հռչակվել է Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը, այլ ոչ թե 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության։ Դա հռչակված է Հայաստանի անկախության մասին հռչակագրում, Հայաստանի հիմնական օրենքի մաս է կազմում ու հանդիսանում է Հայաստանի ներկայիս հանրապետության իրավաքաղաքական համակարգի իրավական հիմքը։ Հռչակագրի համապատասխան կետը հտևյալ բովանդակությունն ունի «1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում  է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։»

Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու, մի կողմից, մարդու և հասարակության, մյուս կողմից, մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն, այն հանդիսանում է օրենսդրական համակարգի հիմքը։

Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։

Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է բացառապես հանրաքվեով։