Մամուլ

Հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել․ նման իրավիճակում երբեք չէի եղել. ԱԻՆ փրկարար

Հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել․ նման իրավիճակում երբեք չէի եղել. ԱԻՆ փրկարար

Armtimes.com-ը գրում է․ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից մեկ շաբաթից ավելի է անցել, սակայն մեկ անձ դեռեւս անհետ կորած է համարվում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ոչ միայն որոնողական, այլեւ տարածքի մաքրման աշխատանքները, տեղ-տեղ՝ իրականացնում հարկադրված փլուզումներ, որպեսզի հետագա աշխատանքները լինեն արդարացված ռիսկի սահմաններում:

Այդ աշխատանքներում ներգրավված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը զրուցել է «Հայկական ժամանակի» հետ:

Կարեն Ավետիսյանն արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում է ԱԻՆ փրկարարական ջոկատում, սակայն ասում է՝ իր ծառայության ընթացքում նման մասշտաբի պատահար, ինչպիսին «Սուրմալուինն» էր, առաջին անգամ էր տեսնում:

Ավետիսյանի ղեկավարած ջոկատն այդ օրը տագնապով է դուրս եկել արտակարգ իրավիճակի վայր: Առաջին երկու ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերել 10 քաղաքացու՝ ողջ վիճակում. «Կոնկրետ իմ մասնակցությամբ երկաթբետոնե կոնստրուկցիաներից երկու կին դուրս բերվեց, որոնց կյանքին ու առողջությանը որեւէ վտանգ չէր սպառնում»:

surmalu platak voronum

Ավետիսյանը հիշում է՝ դեպքի օրն աշխատել են մինչեւ ուշ գիշեր, ապա՝ գնացել հերթափոխի, մի քանի ժամ հանգստից հետո՝ վերադարձել՝ իրականացնելով 24-ժամյա ծառայություն: «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը Հայաստանում միակն է (ՀՆՓԱԻԿ), մենք չէինք կարող բացակայել»,- նկատում է նա:

Ավետիսյանը նաեւ ընդգծում է՝ Հայաստանում նման արտակարգ իրավիճակ տեւական ժամանակ չէր եղել. փլուզումներ եղել էին շենք-շինությունների, երկհարկանի փոքր կառույցների եւ այլն, եւ այլն, եղել էին նաեւ տուժածներ, կենսական կարեւոր ֆունկցիաների բացակայմամբ անձինք:

Փրկարարական ջոկատի հրամանատարի խոսքով՝ ոչ մի արտակարգ իրավիճակ մեկը մյուսին նման չի լինում: Վերջինս ասում է՝ փրկարարը չի կարող պատրաստ լինել ինչ-որ բնույթի արտակարգ իրավիճակի, քանի որ դրանք բոլորը տարբեր են:

««Սուրմալուի» դեպքում ամենաբարդը մեծ թվով տուժածներն էին: Առաջին մի քանի ժամերին չունեինք հստակ տեղեկություն, թե քանի մարդ կա փլատակներում»,- մանրամասնում է Կարեն Ավետիսյանը:

Հիշելով հերթափոխից հետո կատարվածը՝ պատմում է՝ «Սուրմալուի» հյուսիսային հատվածի իրար կից հինգ կրպակներից դուրս է բերվել 4 դի: Նրա խոսքով՝ հոգեբանական ամենածանր վիճակը հղի կնոջն ու նրա երեխային դուրս բերելու ժամանակ է եղել:

sirarpi khachatryan

«4 կրպակների դիմաց նկուղային հատված կար, չորս հոգի՝ հղի կինը, նրա 5-ամյա երեխան, քույրն ու խանութի աշխատակիցը, դուրս բերվեցին նկուղի աստիճաններից: Երեք աստիճան բարձրացած, այդ աստիճանների վրա իրար գրկած ընկած էին:

Ենթադրվում է, որ փորձել են փախչել, փլուզումը տեղի է ունեցել: Նրանց մոտ հրդեհ ընդհանրապես չի եղել, փլատակներից էին տուժել: Շատ ուժեղ վնասվածք էր ստացել հղի աղջիկը՝ գլխի հատվածում, կողքին ընկած խանութի աշխատողն էլ էր տարբեր հարվածներ ստացել փլուզումից:

Հարվածներ չէր ստացել հղիի քույրը: Երեխայի շորերը լրիվ մաքուր էին, անգամ փոշոտ չէին. նրան գրկած էին մահացել: Սկզբից փոքրիկին դուրս բերեցինք, երկար, գանգուր մազերը տեսնելով՝ կարծում էինք՝ աղջիկ երեխա է:

Ամենածանրը այդ երեխային դուրս բերելն էր. դստերս տարիքի էր: 2011 թվականից ծառայության մեջ եմ, պրակտիկայում շատ է եղել այրված, մասնատված մարդկանց դիերի դուրս բերում եւ այլ դժբախտ պատահարներ, բայց հղի կնոջ ու երեխայի այդ տեսարանին հոգեբանորեն պատրաստ չէի»,- պատմում է նա:

Խոսելով աշխատանքի բուն ընթացքի, դրանում կամավորների ներգրավվածության ու աջակցության մասին՝ Կարեն Ավետիսյանն ասում է՝ մեր ազգի առանձնահատկություններից մեկը օգնության հասնելն է, անտարբեր չլինելը, բայց հաճախ մարդիկ այդ խուճապահար վիճակում շատ ավելին են պահանջում փրկարար ծառայողից, քան այդ պահին պետք է կամ հնարավոր է:

«Մի կին մոտեցել, շորերիցս էր քաշում, ասում էր՝ ինչի՞ ուղղաթիռ չեք բերում, մյուսն էլ կողքից ասում էր՝ ուղղաթիռն իրենց ֆռֆռալու համար է եւ այլն: Սա իրավիճակ է, երբ քաղաքացին նման իրավիճակներում դրսեւորման գիտելիք չունի, գտնվում է արտակարգ իրավիճակների տաք գոտում եւ ոչ թե օգնում, այլ խանգարում է»,- նկատում է Ավետիսյանն ու հավելում՝ ուղղաթիռով վերեւից ջուր լցնելն այդ իրավիճակում առնվազն անգրագետ մոտեցում կլիներ:

paytyun surmalu

Նրա խոսքով՝ չէին կարող մեծ քանակությամբ ջուր լցնել փլատակներին, որտեղ հավանաբար կարող էին ողջ մնացած մարդիկ լինել:

Ըստ Ավետիսյանի՝ ներսում հարազատ ունեցող մարդիկ ավելի ըմբռնումով էին մոտենում խնդրին եւ ավելի համբերատար էին, քան պատահականության սկզբունքով այդտեղ հայտնվածները:

«Քաղաքացիներ կային, որոնք չէին պահպանում անվտանգության հասարակ կանոնները, հողաթափերով, առանց ձեռնոցի հայտնվել էին տաք գոտում եւ փրկարարական ծանր տեխնիկայից էլ հեռու չէին գնում, ոստիկաններին չէին ենթարկվում: Խոչընդոտներ շատ են եղել»,- նկատում է զրուցակիցը:

Հարցին՝ աջակցություն չի՞ եղել, Ավետիսյանը պատասխանում է. «Կոնկրետ տեղամաս կար, որը ձեռքերով բացեցին ՈՄԱ-ի տղաներն ու կամավոր եկած քաղաքացիները:

Նրանց 30 տոկոսը ենթարկվում էր Փրկարար ծառայության հրահանգներին, աջակցում ուժերի ներածի չափով, սակայն եկածների 70 տոկոսն էլ չար երեխայի պես էր պահում իրեն: Մենք ոստիկանությանը խնդրում էինք դուրս հանել տարածքից այդ անձանց, բայց դա ֆիզիկապես ուղղակի անհնար էր այդ իրավիճակում:

Կարմիր խաչի եւ ՈՄԱ-ի աշխատանքից շատ գոհ ենք, պատրաստված, գրագետ մոտեցում էին ցուցաբերում, ինչը մեր գործին շատ օգնեց»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել