Ժամանց

Հնարավորինս փորձենք չմոռանալ Աստծո պատվիրանները

Առավոտը գրում է․ Հնարավորինս փորձենք չմոռանալ Աստծո 10 պատվիրանները: Սուրբ ծննդյան օրը կալանավայրերում նույնպես յուրահատուկ է անցնում։ Փոքրիկ մատուռներում եւ մեր կացարաններում մոմ ենք վառում, աղոթում… Մի տեսակ բարություն կա բոլորի մեջ, նույնիսկ ՔԿՀ-ների աշխատակիցներն են այդ օրը սիրալիր դառնում՝ չկորցնելով զգոնությունը։

Բազմիցս նշել եմ, որ ազատության մեջ եղել եմ տարբեր կալանավայրերում, զրուցել դատապարտյալների հետ, բայց ներսում մի տեսակ այլ է զրույցը։ Մեղսավոր լրագրողի ու մեկ այլ ուրիշ մեղսավորը գուցե հասկանո՞ւմ են իրար: Դատապարտյալներից մեկն ամեն օր Աստվածաշունչ է կարդում, աղոթում ու Նարեկ մրմնջում։ Դատապարտվել է թմրամիջոցների իրացման համար։ Չի թաքցնում՝ սեր ունի դեպի «կայֆը»:

Պատմում է՝ ազատության մեջ էլ ամեն կիրակի կնոջ ու 4 տարեկան տղայի հետ պատարագի էր մասնակցում։ Հարցիս՝ եթե շարժվում է Աստծո պատվիրաններով, ապա ինչո՞ւ է «դեղ անում»՝ ասաց. «Սաղս մեղք ենք գործել, գուցե թմրամոլ դառնալով՝ Աստված փորձեց ինձ բան հասկացնել ու փակել տվեց ինձ»: Խոստովանեց, որ հիմա է զգում՝ ինչեր է կորցրել կյանքում։ Մեկ այլ դատապարտյալի խոսքով՝ ինքը «բեսամթ խաղացող էր»։

Տուն-տեղ ծախեց ու մի օր հերթական պարտությունից հետո, լուսադեմին տուն գնալուց վրաերթի ենթարկեց 67-ամյա մի կնոջ, որը չմահացավ, բայց գամվեց հաշմանդամի սայլակին։ Դրանից հետո սկսեց այլ ձեւ նայել կյանքին։ «Աստված ասաց՝ սթափվիր, այ տղա, նայիր շուրջդ»,- պատմում է նա: Չորս տարի է՝ հունվարի 6-ը նշում եմ անազատության մեջ։

Սովորաբար այդ օրն էլ եմ զանգահարում ու շնորհավորում ընկերներիս։ Այս տարի նկատեցի, որ հեռախոսի մոտ հերթի կանգնած դատապարտյալներից շատերը զանգահարում են Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Զարմացա։ Բայց զարմանքս ոչ թե զանգելն է, այլ պատգամավորի կողմից բոլորի զանգերին պատասխանելը։ Ես էլ զանգեցի. շնորհավորանքից հետո իմ վաղեմի ընկերոջը հարցրեցի, թե ինչո՞ւ են իրեն այդքան հարգում ու սիրում։

«Սիրում են, որովհետեւ կեղծ չեմ։ Անկեղծ եմ։ Ինչը կարողանում եմ՝ աշխատում եմ հնարավորինս անել։ Իսկ որը ուժերիցս վեր է՝ ասում եմ՝ ցավում եմ, բայց չեմ կարող։ Երեւի դա է գրավում մարդկանց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մնում է իրար հետ անկեղծ լինենք, սիրենք միմյանց, չխաբենք ու հնարավորինս փորձենք Աստծո պատվիրանները չմոռանալ:

Կիսվել