Հնաբերդի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հնաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 70-ամյա Հայկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և 26-ամյա Գեղամ Խ․-ի վարած մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և ավտոմեքենայի 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մարտիրոս Սրաբյանը և կրտսեր պարեկ Համլետ Մուշեղյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։