Մամուլ

Հղին ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան

Հղին ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան:

Մենք ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Այս սկզբունքից ելնելով է, որ ամենացածր շեմը դրվել է 150 ծնունդ: Այս մասին նախորդ կառավարության նիստից հետո հայտարարել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսկերպ բացատրելով մարզային մի շարք բնակավայրերի կենսական նշանակություն հանդիսացող ծննդատների փակման որոշումը։ Տարեսկզբից Առողջապահության նախարարության այս որոշմանն ընդդիմանում են Մարալիկի, Եղվարդի ծննդատների, որոնք ևս պետությունից չֆինանսավորվելու պարագայում փակման եզրին են կանգնած։

«Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը նախկինում բազմիցս անդրադարձել է մարզերում` հիվանդանոցների անմիթար վիճակին:

– Տիկին Թովմասյան Առողջապահության նախարարությունը հակված է փակել տարեկան 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատները, այդ թվում Մարալիկի, Եղվարդի, Ծաղկահովիտի ծննդատները, որոնք միանգամից մի քանի համայնք են սպասարկում։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

– Այս իրավիճակում ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքրում. նախարար Արսեն Թորոսյանն իր որոշումները կայացնելիս՝ առավել եւս նման կարեւորություն ունեցող ընդգրկուն որոշումները, ճշտե՞լ է արդյոք Կառավարության իր գործընկերների եւ ղեկավարի հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված եւ նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Որովհետեւ Կառավարության նախորդ նիստում էր, որ որոշում կայացվեց ծնելիության խթանման նպատակով նորածին երեխաների համար տրվող միանվագ, ինչպես նաեւ մայրերի համար նախատեսված ամսական գումարները շեշտակի ավելացնել այս տարվա հուլիսի 1-ից: Այսինքն՝ մի կողմից Կառավարությունը քայլեր է իրականացնում ծնելիության խթանման համար, մյուս կողմից առողջապահության նախարարը դժվարություններ է ստեղծում մարզաբնակ մեր հայրենակիցների համար, որոնք ցանկանում են երեխա ունենալ: Սա ինձ համար անհասկանալի իրավիճակ է:

– Առողջապահության նախարարի խոսքով այս ծրագիրը միտված է կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Ըստ Ձեզ այսկերպ խնդիրն իսկապես կվնվազի՞, թե՞ հակառակը՝ ավելի կխորանա։

– Մահացության դեպքերը կանխարգելելու համար մարզային բուժհաստատությունները պետք է համալրել նախ մասնագետներով, հետո՝ տեխնիկական հագեցվածություն ապահովելով՝ գոնե առաջին բուժօգնությունը կազմակերպելու համար: Գործողություն, որ ըստ էության չի արվել: Ինչպե՞ս է եղել առաջ. Բժիշկ դառնալու ցանկություն ունեցողների կարիերան սկսվել է մարզերում պարտադիր-կամավոր հիմունքներով աշխատելուց: Այսօրվա բոլոր անվանի բժիշկները մարզերի ամենահեռավոր բուժհաստատություններում հերթապահներ են եղել: Ես իմ՝ Գեղարքունիքի մարզի ընտրատարածքում գտնվող Վարդենիս քաղաքի հիվանդանոցի խայտառակ պայմանների մասին բազմաթիվ բարձրաձայնումների ժամանակ անդրադարձել եմ մարզային բուժհաստատություններում առկա հակամարդկային ու հակասանիտարական պայմաններին: Վիրահատարան չունենք, բժիշկ չունենք, պայման չունենք, բայց անունով հիվանդանոց ունենք:

– Նախարարի խոսքով բոլոր դեպքերում հաշվարկված է թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը և բոլոր դեպքերում հասանելիությունն ապահովված է։ Արսեն Թորոսյանի պնդմամբ՝ խոսքը գնում է 20, 30 կմ-ի մասին։ Բայց արդյոք ծննդկանի համար այդ ճանապարհն ավելի հեշտ է անցնել՝ հաշվի առնելով մարզային բնակավայրերի ճանապարհները, ինչպես նաև տրանսպորտային անհասանելիությունը։ Ի վերջո խոսքը միայն բուն ծննդաբերության մասին չէ,։

– Մարզերում մարդիկ վախենում են հիվանդանոց գնալ: Մայրաքաղաք հասնելն էլ լրացուցիչ դժվարություններ ու գումարներ է պահանջում: Արդյո՞ք հաշվարկվել է՝ չքավորության մեջ գտնվող մեր քաղաքացիները կարո՞ղ են անգամ հաշվարկված կիլոմետր տարածքը կտրել, հասնել առողջության առավել բարվոք կենտրոն՝ բուժում, ծննդօգնություն ստանալու: Մի մոռացեք՝ գյուղերում ավտոճանապարհներ չկան: Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի? է այդքան կիլոմետր հաղթահարել: Ախր հո խոսելով, գծագրելով ու հաշվարկելով չէ: Ծովակ համայնքի երեխայի մահացության դեպքը պատահեց հենց Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ չհասցրեցին փրկել՝ արգանդի ընկերքի շերտազատում էր եղել: Շտապ վիրահատել էր պետք:

– Այո, մեկ ամիս առաջ Դուք ևս անդրադարձել էիք այդ թեմայի։ Նշել էիք, որ Վարդենիսի ծննդատունը մանկաբարձական բարդություններով իրենց դիմած ծննդկանին չեն կարողացել բուժօգնություն տալ և ուղղորդել են Մարտունի ԲԿ, արդյունքում նորածինը մահացել էր։ Ձեր գրառման վերջում դիմել էիք Արսեն Թորոսյանին՝ քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանն իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցում։ Չե՞ք կարծում, որ Արսեն Թորոսյանը գտել է դյուրին ճանապարհն այդ հիվանդանոցներով զբաղվելու։

– Եւ ի՞նչ, ոչ մի արդյունք: Վարդենիսի հիվանդանոցում դարձյալ անեսթեզոլոգ չկա ու ամեն պահի կարող է Աստված մի արասցե ինչ-որ հղի դիմի, ունենա շտապ կեսարյան հատման ցուցում, բայց էլի չեն կարողանալու օգնել… Ու եթե մենք պետք է առաջնորդվենք չկա մարդ, չկա պրոբլեմ հասկացությամբ, աբսուրդ է:

– Տիկին Թովմասյան՝ ակնհայտ է, որ ծնելիություն առավել քիչ են հեռավոր մարզերում, սահմանամերձ գոտիներում, արդյոք՝ ծննդատների փակումը չի նպաստի, որ այդ տարածքները դատարկվեն։ Ըստ էության, սա արդեն դառնում է ազգային անվտանգության հարց՝ փոխանակ գյուղական համայնքներում ստեղծենք զարգանալու պայմաններ՝ դրդում ենք նրանց դեպի խոշոր բնակավայրեր։

– Ասեմ, որ Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին անգամ է, որ առողջապահության ոլորտը ստացել է ահռելի հատկացում՝ մոտ 20 մլրդ դրամի չափով: Ոլորտի բոլոր մասնագետները,բժիշկները սա հպարտությամբ նշում են: Ու տարօրինակ է, որ այս մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում: Ու ասել, որ փող չունենք, պետությունն անզոր է, սխալ է: Պարզապես պետք են գործուն, կշռադատված քայլեր իրականացնել՝ արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ:

Միշտ խոսում ենք մարզերի համաչափ զարգացումից: Բուժհաստատություններ փակելո՞վ ենք զարգացնում, թե դրանք տեղում զարգացնելով: Սա հարց է, որ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պետք է տա եւ իսկապես դեմքով շրջվի դեպի ՀՀ քաղաքացին: Տեսա՞ք՝ մարզպետները՝ Կոտայքի եւ Տավուշի, ինչպես գտան հարցի լուծումը. նրանք լինելով մարզի բնակիչների հետ առավել հաճախ շփվող պաշտոնյաներ, սթափ գնահատեցին իրավիճակը եւ քաղաքական որոշման արդյունքում գնում են ծննդատները զարգացնելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանի որոշումն, ըստ էության, մնաց թղթի վրա: Սա է միակ ճիշտ ճանապարհը, որից որեւէ դեպքում ետդարձ չպետք է լինի: Մարզերի զարգացումը պետք է լինի մեր միակ առաջնահերթությունը:

Աղբյուր՝ pastinfo.am

Կիսվել