ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Նա Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար պայմանների ապահովման, ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսաարժույթային ու դրամավարկային քաղաքականության մոտարկման և ապագայում միասնական ֆինանսական շուկայի ստեղծման, ինչպես նաև միության թվային օրակարգի իրականացման, նավթամթերքների ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Հանդիպման շրջանակներում նաև որոշում կայացվեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ։
Վարչապետը իր խոսքում ոչ միայն պատրաստակամություն հայտնեց հավուր պատշաճի կատարել իրենց վստահված մեր պարտականությունը, այլև խոսեց Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին․
«Հայ ժողովուրդը ընդամենը 3 օր անց կգնա ընտրության, որը փոփոխություններ է մցնելու նրանց կյանքի բոլոր ոլորտներում՝տնտեսական, քաղաքական։ Մեր երկրում ընտրությունները անցկացվելու են արդար և թափանցիկ պայմաններում, ինչը միանշանակ կունենա իր դրական հետևանքները»։
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Լիանա Մարտիրոսյան