ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին։
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին:
Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:
«Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաեւ փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»,- ասել է Գյոզալյանը:
Քանի որ ՀՀ վարչապետի դուստրը ՝ Շուշան Փաշինյանն, անչափահաս է, փաստաբանից հետաքրքրվել են, թե արդյոք նա կարո՞ղ է հայց ներկայացնել, Գյոզալյանը պատասխանել է. «Բացարձակ խնդիր չկա. Երեխայի իրավունքի մասին օրենսդրություն ունենք, ինչպես նաեւ՝ միջազգային պայմանագրեր, որ ՀՀ-ն վավերացրել է:
Բացի դրանից, Քաղաքացիական օրենսգրքով օրինական ներկայացուցիչներն իրավասու են երեխայի արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած անձի դեմ որոշակի գործողություններ կատարել: Անձի արժանապատվությունն անքակտելի է:
Ես մինչ օրս չեմ ունեցել նման գործ, որ հենց անչափահասը լինի իմ վստահորդը, բայց դատարանն այլ տարբերակ չունի, քան հայցը վարույթ ընդունել, քանի որ այլ պարագայում կլինի մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»:
Նշենք, որ այդ գրառման մեջ Սամսոնյանը գրել էր նաև, թե իբր վարչապետի թիկնազորը գնացել է նույն ռեստորան՝ դարձյալ իկրա գնելու, սակայն առաջարկել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, տեղեկանալով այդ մասին, բարկացել է և հարկային տեսուչներ է ուղարկել տվյալ ռեստորան:
Նշենք նաև, որ գրառման համար ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:
Աղբյուր՝ armtimes.com