ՀՀ վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել. Անգելա Մերկել
Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են: Այս մասին Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպման մասին:
«Լավ է, երբ մարդիկ իրար հետ խոսում են, բայց երկու կողմերը պատրաստ պետք է լինեն գործողությունների: Կարծում եմ, որ պարոն վարչապետը խիզախ քայլեր է ձեռնարկել, բայց դիմացի կողմն էլ պետք է պատրաստակամ լինի ցույց տալ նման խիզախ քայլեր: Վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնության գան»,- ասաց Անգելա Մերկելը:
Հայաստանի վարչապետն իր հերթին պարզաբանեց, թե ինչ ասել է «խիզախ» քայլեր:
«Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես հույս ունեի, որ նման հայտարարություն կանի նաև ադրբեջանական կողմը, բայց ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի համար»,- ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ քանի դեռ Ադրբեջանից համարժեք հայտարարություններ չեն հնչում, մեծ հույսեր կապել, որ առաջ կշարժվենք այս գործընթացում, չենք կարող: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը նվիրված է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու տրամաբանությանը:
«Մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ ես՝ որպես ՀՀ վարչապետ, կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել ԼՂ անունից այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու առումով: ՀՀ վարչապետը նկատեց, որ միջազգային հանրությունը արձանագրել է՝ լուծման խնդիրը հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարագի հարցն է, և իրենք չեն կարող կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, կարող են բանակցությունների համար հարթակ ստեղծել:
Աղբյուր՝ tert.am