ՀՀ ՊՆ զորամասում զինծառայողն անզգուշաբար հրազենային վնասվածք է հասցրել ծառայակցին
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի կողմից կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, առգրավվել անհարժեշտ հետքեր ու առարկաներ, նշանակել փորձաքննություններ և հարցաքննվել են մի շարք անձինք։
Վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող գլխի հետնամասի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։
Բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները լիարժեքորեն պարզելու ուղղությամբ։
Զանգվածային լրատվության առանձին միջոցներում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ մարտական դիրքում ժամկետային երկու զինծառայող կրակել են միմյանց վրա, իրականությանը չեն համապատասխանում։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: