Մամուլ

ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողը չխոշտանգվի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ անելու է ամեն ինչ, որ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը նախևառաջ չխոշտանգվի: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամեն ինչ անելու ենք, որ հնարավորություն լինի նրան վերադարձնելու: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ շփում չունենք: Բոլոր հնարավոր ջանքերը շարունակելու ենք դնել այս խնդրի լուծման համար»:  Ըստ պատասխանատուի` այս գործողություններին զուգահեռ, այն զորամասում, որտեղ ծառայել է Արայիկը, այս պահին քննություն է անցկացվում:

«Քննությունն ընթանում է, և այն կպարզի շատ ու շատ հարցեր»,–ասաց Հովհաննիսյանը: Միջազգային Կարմիր խաչն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի արդյո՞ք  հանդիպումը կայացել է, թե  ոչ:

Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված  են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: «Արայիկ Ղազարյանի եղբայրը մեզ տեղեկացրել է, որ ամենի ինչ նորմալ է եղել, ու ինքը նորմալ ծառայել է։

Վերջերս էլ իրեն բուժական օգնություն է ցուցաբերվել, ու հենց այդ հետքերն է Ադրբեջանը ներկայացնում որպես խոշտանգում, բայց դա իրականում բուժական միջամտություն է: Ինչպես արդեն ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, մենք հակված ենք այն տեսակետին, որ ինքը մոլորվել  է, բայց ամեն ինչ մանրամասն կուսումնասիրենք»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկա պահին իրավիճակը  համեմատաբար հանգիստ է: «Թեպետ 2 օր առաջ մենք վիրավոր ունեցանք, Ադրբեջանն էլ, կարծես թե, վիրավորի մասին լուր տվեց, բայց ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել