Մամուլ

ՀՀ-ում 114 քաղաքացի կա, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ

ՀՀ-ում 114 քաղաքացի կա, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ

Հայաստանում 114 քաղաքացիներ կան, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, և ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է այդ կոդերի, մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել, գտնել:

Տիգրան Մուկուչյան

Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի բոլոր փուլերը թափանցիկ ու հասանելի են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: «Բացառվում է, որ մի մարդը երկրորդ անգամ այլ ընտրատեղամասում քվեարկած լիներ, ու դա չբացահայտվեր»,- նշեց Մուկուչյանը:

Վերջինիս խոսքով՝ մատնահետքերով նույնականացում չի իրականացվում, որովհետև սարքերին, երբ տրամադրվում է մատնահետք, այն այդ մատնահետքի բազան հավաքում է, բայց նույնականացում չի իրականացնում:

«Մատնահետքերով նույնականացումը բոլոր այն երկրներում, որտեղ այն կիրառվել է, ցույց է տալիս, որ դա առաջացնում է շատ ավելի բարդ խնդիրներ, շատ ավելի պրոբլեմատիկ է, որովհետև մատնահետքերի բազան ձևավորվում է որոշակի ժամանակահատվածում: Հետագայում տեղի են ունենում տարբեր խնդիրներ, ասենք՝ մատը կտրվում է, և այդ մարդկանց նույնականացումը դառնում է անհնար»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Կիսվել