ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ: Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին: Աստված պահապան բոլորիս»։