Մամուլ

ՀՀ նախագահը հետ դարձրեց իրեն դիմավորող մարզպետին ու քաղաքապետին և մեծ անակնկալ արեց գյումրեցիներին (տեսանյութ)

Այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Թեև լրագրողներին չէին տեղեկացրել նրա այցի մասին, սակայն նախագահի զարմանքը մեծ եղավ, երբ մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ եկել էին լուսաբանման։ Երբ նա հետաքրքրվեց, թե որտեղի՞ց են իմացել իր այցի մասին, լրագրողները կատակեցին, թե «շպիոններ են խաբար տվել», Գյումրիում գաղտնիքներ չկան։

Նախագահ Սարգսյանը եկել էր Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Հիշեցնենք, որ այդ շենքը գտնվում է Գյումրու պատմական կենտրոնում, այն Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքն էր, որի վրա աչք ունեին մեծ թվով մեծահարուստներ։ Սակայն մշակույթի նախարարությունը «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի առաջարկով հանձնեց Շիրակի երկրագիտական թանգարանին։

Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նրանց հետ ողջագուրվելուց հետո նախագահը չթույլատրեց պաշտոնյաներին իրեն ուղեկցել։ Նա շրջեց թանգարանի շենքում, եղավ տեխնոպարկում, այնուհետ գնաց Ձիթողցոնց տուն-թանգարան՝ ծանոթանալով գյումրեցիների կենցաղին։ Նախագահը նշեց, որ Գյումրի է եկել թանգարանի շենքը տեսնելու, սակայն նշեց, որ չի եկել որպես նախագահ, այլ եկել է որպես Արմեն Սարգսյան։

Նա ասաց, որ երկրագիտական թանգարանը միայն Գյումրիինը չէ, այլ ողջ Հայաստանի յուրօրինակ մշակութային կառույցներից է, և վերականգվելու դեպքում կլինի ամենագրավիչ վայրերից մեկը։ Նա նշեց, որ շենքը, իր տպավորությամբ, ամուր է, գեղեցիկ, սակայն այն գրավիչ թանգարան դարձնելու համար մասնագետները մեծ գործ ունեն անելու։ Իր այցի վերջում նախագահն անակնկալ արեց՝ հայտարարելով․ «Շատ ուրախ եմ, որ մշակույթի նախարարությունն այս շենքը տրամադրել է երկրագիտական թանգարանին։ Սկսվել է նվիրատվության ալիք և որոշակի գումար է հավաքվել, դա դեռևս քիչ է , բայց կարծում եմ ավելի կլինի։

Իմ այսօրվա այցի նպատակն էր այս շենքը տեսնել և հասկանալ՝ արդյոք կարո՞ղ ենք աջակցել, թե՞ ոչ և որպես առաջին քայլ, ոչ որպես նախագահ, այլ «Երևան իմ սեր» ծրագրի միջազգային խորհրդի նախագահ ՝ ուզում եմ ասել, որ խորհուրդը հաստատել է, որպեսզի բոլոր նախագծման աշխատանքները «Երևան իմ սերն» անի։ Որպեսզի ժամանակ չկորցնենք, դրա համար բավարար միջոցներ էլ չկան, նախագծման ամբողջ ֆինանսավորումը «Երևան իմ սերն» կանի։ Եվ կարծում եմ կարիք կունենանք նոր բարեգործական կազմակերպություն գրանցել, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»։ Նա նաև ասաց, որ «Ձիթողցոնց տան» որոշ խնդիրներ ևս « Գյումրի իմ սերը» կլուծի։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել