ՀՀԿ-ն նիստ է գումարել․ որոշվել է՝ ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը
ՀՀԿ-ն նիստ է գումարել․ որոշվել է՝ ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ» խմբակցությունը
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։
Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման և ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարևորությունը։
Նիստին ներկայացվել է նաև ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։
Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին և արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռևս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։
Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական և հասարակական ուժերի ու գործիչների հետ։
Քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի շուրջ հետևողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։