Ազատ խոսք

«ՀՀԿ, գտեք ձեր ցնցոտիները, որոնցով եկել ու հասել եք Նազարի բախտին»

«ՀՀԿ, գտեք ձեր ցնցոտիները, որոնցով եկել ու հասել եք Նազարի բախտին»

Լուսինե Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀԿ-ն հրաժարվեց հանրահավաքից, որովհետև հանրահավաքներ կազմակերպելու փորձ չունե՞ր, թե՞ ավելորդ անգամ խայտառակվելու ու գլխացավանքի զահլա չկա:

Ինչքան ուզող, էնքան խփող արճիճ ծամողներ, ձեզ ի՞նչ եղավ՝ չագուչն էլ, մեխն էլ, նալն էլ ձեր ձեռքում էր, բամփում էիք, տոկոս խփում, Մարտի 1-ի զոհերի քառասունքին Սերժ էիք թագադրում, քառօրյայի տարու օրը ընտրություն էիք կեղծում ու բարեհաջող կեղծածի պատվին սալյուտ խփում, Ավետիսյանների սպանության օրը քաղաքապետարանում կերուխում էիք անում՝ Տարոնպարոնի չեղած հովանու ներքո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո հավաքվում էիք օբյեկտներում՝ օրը խրախճանքով նշանավորելու, Եռաբլուր գնալիս չէիք նկատում սևազգեստ, վշտից կորացած մայրերին։

20 աստիճան սառնամանիքին նրանք ոտքով էին հաղթահարում բարձունքը, գալիս էին ձեր տոնը հարամելու՝ սառույցների վրայով, իրարից բռնված, իսկ դուք ամենագնաց ջիպերով էիք՝ հանկարծ ձեր ոտքը գետնին չկպներ. դուք ազնվացեղ էիք, ձեր մեքենաների մուգ ապակիներից այն կողմ գտնվողները՝ եսիմ որ սորտի. տատս կասեր՝ դուք ձիավոր էիք, նրանք՝ փիադավոր, խաղաղ պայմաններում բանակում սպանվածների մայրերին Բաղրամյան 26-ից ջանասիրաբար քարշ էիք տալիս ասֆալտի վրայով, որ ցողունված վոժդի կերուխումն ու դոզայի վայելքը չհարամեն, չարախնդում էիք «պարտված» ընդդիմության ու նրա հավաքած խղճուկ տոկոսների վրա, ցուցարար ու լրագրող էիք ծեծում, սրա-նրա օբյեկտների պադվալներում մարդ էիք սպանում կամ հաշմանդամ դարձնում, հետո էլ ձեր անձնական գազանանոցների գազաններին դիակներ «պատիվ տալիս»։

Տուշոնկա, նամակ, ծաղկեպսակ գողանում, ավտոպարկեր ու դղյակներ «աճեցնում», խլում մարդկանց ունեցվածքը, քանդում ընտանիքները ու ցույց տալիս բանկերի, դատարանների, արտագաղթի, մահվան ճանապարհները:

Այսօր դուրս եք գալիս փողոց, որ ի՞նչ անեք. բա ժամանակին դուրս գայիք՝ ձեր ղումարբազ ու թմրաբարոն վեհափառին առաջներդ գցած, ցողունված կինտոյին՝ ուսներիդ դրած, արնախում կոբրայի բարձր հովանու ներքո, պատերազմի դափնիները գողացած ու կուշտ որոճացած գեներալների սուրուն՝ ձեր խառնամբոխի առաջնագծում, փուչիկներին, մարքրիդներին՝ զուգած-զարդարած:

Դուրս գայիք ու քայլեիք ձեր Տարոնպարոնհրաշամանուկի «կառուցած, շենացրած» մայրաքաղաքի քարուքանդ ու գարշահոտ փողոցներով, շփվեիք աղբի մեջ շաղախված, ամենուր վխտացող ճանճերի, մժեղների ու մյուս խավարասերների հետ, սելֆիներ անեիք աղբի մեջ հաց փնտրող քաղաքացիների, փողոցներում գիշերող անտունների հետ, մտնեիք տուն ու շենք, հիանայիք ձեր նորոգած շքամուտքերով, մահվան խցիկ դարձած վերելակներով, հասնեիք աղետի գոտի, հետո՝ սահմանամերձ գյուղեր, ձեր աչքերով տեսնեիք ձեր պահած զինվորի անմխիթար պայմանները, սահմանի խղճալի վիճակը և եթե այսքանից հետո ամոթից չսատկեիք ու տուն վերադառնայիք՝ կարդայիք Չարենցի «Դանթեական առասպելը»:

Այսօր էլ սպառնում եք, թե դուրս կգաք, փողոց կփակեք: Ահ եք տալիս մի ազգի, որի օդն ու շնչառությունն եք փակել 20 տարի շարունակ՝ մոռանալով, որ ձեզ դիմացած ժողովրդին այլևս ոչնչով զարմացնել ու վախեցնել հնարավոր չէ:

Հիմա էլ հրաժարվում եք փողոցային պայքարից, որովհետև լավ գիտեք, որ անգամ փողոցում լինելու իրավունքից եք զրկված, ներքուստ գիտակցում եք, որ այս հողի վրա անգամ ընդդիմադիրի կեցվածքով շրջելու երես չունեք, իսկ աթոռներից պոկվելուց հետո ձեզ բաժին են հասնելու ճաղավանդակները, որոնց հետևում պատսպարվելով կնքեցիք ձեր մահկանացուն:

Բումերանգի էֆեկտը մի օր վերադառնում է. փորփրեք ու գտեք ձեր տրեխներն ու ցնցոտիները, որոնցով եկել ու հասել եք Նազարի բախտին. թախտից իջնելուց հետո կհագնեք և կվերադառնաք փողոց, որտեղից էլ սկսել էիք ձեր անփառունակ ճանապարհը դեպի կործանում»։

Կիսվել