«Հլա իջի մեքենայից, արա՛». դրան հաջորդեց ոստիկանի հայհոյանքը․ . հերթական միջադեպը
«Հլա իջի մեքենայից, արա՛». դրան հաջորդեց ոստիկանի հայհոյանքը․ . հերթական միջադեպը
Ոստիկանության աշխատակիցների կողմից հերթական միջադեպի մասին է իր ֆեյսբուքյան էջում գրել օգտատեր Վարդուհի Անանյանը: Bavnews.am-ին Վարդուհին հայտնեց, որ վաղը իր ներկայացրած բողոքի հետ կապված հրավիրվել է ոստիկանության Սպիտակի բաժին:
«Ուրեմն մինչ էս պահը չէի հասկանում, թե ինչպես կարող է ոստիկանության աշխատակիցն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացու նկատմամբ, երբ քաղաքացին չի հրահրում։
Պարզվում է կարող է, ու դա հասկանալու համար հենց ինձ հետ պատահեց․
Ս/թ. մարտի 23-ին՝ երեկոյան ժամը 20։40-ին, Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակ բնակավայրում, ոստիկանների կողմից ստուգման նպատակով կանգնեցվելու հրահանգ է տրվել ինձ պատկանող Grand Cherokee Jeep մեքենան, որն այդ պահին վարում էր ամուսինս՝ Գևորգը։
Մինչ մենք փորձում էինք հասկանալ, թե որտեղ կարելի կայանել մեքնենան, որպեսզի չկայանենք փողոցի կենտրոնում, մեզ մոտեցավ փողոցային պահվածքով և ոստիկանի համազգեստով մի անձ և հայհոյանքներով դիմեց ամուսնուս, և պահանջեց իջնել մեքենայից.
«Հլա իջի՛ մեքենայից, արա՛» արտահայտությամբ, որին ի պատասխան ամուսինս իջավ մեքենայից և պահանջեց հարգանքով խոսել։ Դրան հաջորդեց ոստիկանի հայհոյանքը: Ամուսինս պահանջեց ոստիկանին վայել պահվածք և նշեց, որ մեքենայում կին կա։ Ոստիկանը նույն փողոցային բառապաշարով պահանջեց բացել մեքենան, ու գոռգոռալով ստուգել։
Այդ պահին մոտեցան այլ ոստիկաններ ևս և փորձեցին հանգստացնել իրենց ծառայակցին, ով արդեն քաշքշում էր ամուսնուս՝ ոստիկանի հետ ձեռքերը գրպանը դրած խոսելու համար։
Ողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ով աշխատավարձ է ստանում իմ և մյուս քաղաքացիների վճարած հարկերից, հայհոյանքներով ու բղավոցներով էր խոսում իմ և ամուսնուս հետ, մոռանալով, որ հենց ինքն է օրենքի ներկայացուցիչը և ծառայության ժամանակ քաղաքացու հետ խոսում էր «դու»-ով և տղամարդու հետ՝ հայհոյանքով։
Բանն այն է, երբ մյուս աշխատակիցներից պահանջեցի, որ իրենց ծառայակցին քաղաքացու հետ խոսելու կարգի հրավիրեն, որ հայհոյանքներով չխոսի, խիստ զարմացան, թեփ բա հնարավոր չի, հիմա ես իմ լսածին հավատա՞մ, թե ձեր չհավատալուն։
Փաստորեն էս ոստիկան կոչվածին թվացել է, թե մենք իրեն հայհոյել ենք, դրա համար է բորբոքվել ու սկսել է հայհոյել։ Եթե թվալով է, ինձ էլ թվում է, որ ինքը սովոր է ու դա նորմալ է, որ իրեն պետք է հայհոյեն։
Նշեմ, որ ոստիկաններից ոչ ոք չի ներկայացել, բացի պարեկային ծառայություն իրականացնողներից մեկից, ում անունը, ցավոք, չեմ հիշում, և քաղաքացիական հագուստով ոմն Սերգեյից։ Խոսակցություններից և գործընկերոջը «հավաքել» փորձող ոստիկանների խոսքերից միայն հասցրեցի արձանագրել, որ հոխորտացող ոստիկանի անուն ազգանունը Գևորգ Ղազարյանն է։
Անմիջապես զանգահարել եմ Ոստիկանության 102 հեռախոսահամարին, ներկայացրել կատարվածն ու խնդրել պահպանել այդ օրը ծառայություն իրականացնող կազմի մոտ առկա տեսախցիկների ձայնագրությունը։
Որպես հանցագործության մասին հաղորդում e-reques համակարգի միջոցով բողոք եմ ուղարկել ՀՀ Ոստիկանություն և պահանջել սկսել ծառայողական քննություն, աշխատանքից ազատել օրենքի պաշտպանի և ոստիկանի անունը պախարակող, օրինախախտ աշխատակցին, և հետևողական լինել, որ վերջինս պատժվի օրենքի ողջ խստությամբ։
Երկուշաբթի օրը հրավիրված եմ Սպիտակի բաժին, ավելի մանրամասն ներկայացնելու կատարվածը, հուսամ աշխատակիցներն իսկապես օրենքի պաշտպաններ կլինեն ու չեն փորձի շրջանցել օրենքը կամ բողոքը հետ վերցնելու փորձեր անել․
Հ․Գ. Նաև մի քանի օղակներով փորձել են ինֆորմացիա հավաքել իմ անձի մասին, հասականալ, թե ինչպես կարելի անել, որ բողոքս հետ վերցնեմ․․․
Նույն օղակներին խնդրել և խնդրում եմ փոխանցել, որ օրենքի պաշտպանը չի կարող նման վարք դրսևորել ու պետք է պատժվի, անկախ նրանից հորս կողմից է բարեկամ, թե մորս, կամ էլ ձեր․․․» ,- գրել է նա: