Հիվանդի հարազատները հարձակվել են հիվանդանոցի բուժանձնակազմի վրա
Հիվանդի հարազատները հարձակվել են հիվանդանոցի բուժանձնակազմի վրա
«Միքայելյան» հիվանդանոցում խմբով խուլիգանություն կատարելու, բժշկի, աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանքեր են ներկայացվել երկու անձի
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։
2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել են բուժանձնակազմի վրա, հարվածել վերջիններիս, հնչեցրել հայհոյանքներ: Ավելի ուշ հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ հիշյալ միջադեպից հետո բուժօգնության են դիմել վիրաբուժական ինստիտուտի անվտանգության երկու ծառայող:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և նույն օրը, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ հիվանդանոցի մոտից ձերբակալվել է 3 քաղաքացի։
Իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ նրանից մեկը՝ 28-ամյա երիտասարդը, 2024 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, քրոջ ամուսնու և իր հասակակից մեկ այլ երիտասարդի հետ, խմածության հետևանքով անգիտակից վիճակում գտնվող հորեղբոր որդուն տեղափոխել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Այնուհետև, երբ հիվանադանոցի անվտանգության աշխատակիցները բուժօգնության դիմած անձին ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք, 28-ամյա երիտասարդը, չհամակերպվելով նշված բաժանմունքում իր մուտքն արգելված լինելու հանգամանքի և այդ կապակցությամբ անվտանգության աշխատակիցների կողմից տրված պարզաբանումների հետ, դրսևորել է խուլիգանական վարքագիծ։
Մասնավորապես, վերջինս նախ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել անվտանգության աշխատակիցների ու բուժանձնակազմի հասցեին, ապա խմբի կազմում՝ քրոջ ամուսնու հետ, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շարունակել է նույն վարքագիծը նաև հիվանդանոցի մեկ այլ հատվածում։
Վերջինս տևական ժամանակ՝ շուրջ 10-15 րոպե, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ՝ հիվանդների անդորրը, ապա, խուլիգանական դրդումներով, քրոջ ամուսնու հետ հարվածներ է հասցրել բժիշկներից մեկի, անվտանգության ծառայության երկու աշխատակիցների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 28-ամյա քաղաքացու և նրա քրոջ ամուսնու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրա քրոջ ամուսնու նկատմամբ՝ տնային կալանքը 2 ամիս ժամանակով:
Վերջիններիս հետ հիվանդանոց գնացած, ապա ձերբակալված 3-րդ անձն ազատ է արձակվել՝ արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով։
Նախաքննությունը շարունակվում է: