Մամուլ

Հիվանդին նայել է, հերթապահ բժշկի հետ խոսել, մի հիվանդ երեխա է եղել, նրա հետ խոսել, գնացել է․ Դավիդյանը հաճելիորեն զարմացած է

Երեւանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ-ն գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում: Տնօրեն Նորայր Դավիդյանը, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ տուժածի կյանքին վտանգ է սպառնում: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով եւ գիտակցություն չունի: Բուժհաստատության տնօրենն ասաց, որ ինքնահրկիզման դիմած տղամարդուն այս ընթացքում որեւէ հարազատ չի այցելել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա միայն մեկ քույր ունի:

Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավարը նաեւ փոխանցեց, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ ինքն արդեն աշխատավայրից տուն էր գնացել, այրվածքներ ստացած քաղաքացուն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դավիդյանը չթաքցրեց իր զարմանքն ու ոգեւորությունը՝ կապված վարչապետի այցելության ձեւի հետ: «Եկել է, բարձրացել վերեւ, ոչ մեկին նեղություն չի տվել: Հիվանդին նայել է, հերթապահ բժշկի հետ խոսել է, մի հիվանդ երեխա է եղել, նրա հետ խոսել, գնացել է: Մինչեւ ինձ իմաց տվին, եկա, վարչապետն արդեն այդտեղ չէր»,- ասաց Նորայր Դավիդյանը:

Նա նկատեց, որ բավական երկար այս տարիների ընթացքում, ինչ ինքը ղեկավարում է նշված առողջապահական հաստատությունը, այս կամ այն առիթով այստեղ են այցելել թերեւս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց այդ այցերը երբեք անսպասելի չեն եղել: Բուժկենտրոնի ղեկավարները նախապես տեղյակ են պահվել: Շքախմբով ու, որպես կանոն, տեսախցիկների ուղեկցությամբ ժամանած հյուրին շուքով դիմավորել են մուտքի մոտ եւ ուղեկցել, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ էլ պաշտոնյայի անվտանգության ծառայության աշխատակիցներն են այցելել հաստատություն, ուսումնասիրել տարածքը:

«Վարչապետը՝ երկրի առաջին դեմքը, նույնիսկ առանց առողջապահության նախարարի ուղեկցության էր եկել: Իմ կարծիքով՝ դա մարդկային մոտեցում է»,- ընդգծեց Նորայր Դավիդյանը՝ նշելով, որ ինքը դա նկատում ու գնահատում է, չնայած որ քաղաքական այլ ուժի ներկայացուցիչ է: Դավիդյանն, ինչպես հայտնի է, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող էր 49-ամյա Ա. Պ.-ին դրդել ինքնահրկիզման, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ քննություն է տարվում, իսկ երեկ քաղաքացին հնարավորություն չի ունեցել որեւէ հաղորդում, հայտարարություն տալու:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել