Հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
Հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Արամ Դ.-ն է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ. Խաչատուրյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ Արամ Դ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Քոչարյան փողոցի 3 հասցեում գտնվող «Լևոն Ղուկասյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման պահեստից, որտեղ աշխատանքներ կատարելու ժամանակ հեղուկների համար նախատեսված դարակաշարը կոտրվել է, հեղուկների տարաներն էլ ընկել են նրա վրա, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: