Հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակը մահացել է
Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը, ժամը 01։20-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։
Մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողների կողմից։
Դեպքի մասին Աշտարակի ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։