Շոու-բիզնես

«Հիվանդանոցային օրերից հետո արտաքինս թույլ չէր տալիս էկրանին հայտնվել»․ Սեդա Շահնազարյանը՝ կրկին նկարահանվելու, սրճարանում աշխատելու մասին

Հիվանդանոցային օրերից հետո արտաքինս թույլ չէր տալիս էկրանին հայտնվել։ Երկար դադարից հետո ու առողջական խնդիրները հաղթահարելուց հետո դերասանուհի Սեդա Շահնազարյանին հեռուստադիտողները տեսան «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստանովելում։ Սննդային թունավորումից հետո կյանքի ու մահվան շեմին հայտնվելուց մեկ տարի անց դերասանուհին ապրում է կյանքի բնականոն հունով։  

Սեդան Tert.am Life-ի հետ զրուցել է իր համար դժվար շրջանն ամբողջությամբ հաղթահարելու, կորուստների, սրճարանում աշխատելու և արդեն փոխված կյանքի մասին։

«Հիվանդանոցային օրերից հետո նկարահանվելու ցանկությունս մի քանի անգամ ավելի մեծ էր, սակայն արտաքին տվյալներս ինձ թույլ չէին տալիս էկրանին հայտնվել։ Երկար պառկելու հետևանքով մազաթափություն էր սկսվել, մազերս խճճվել էին ու որոշեցի գլուխս սափրել։ Իրականում այլ տարբերակ չունեի։ Գլուխս սափրելու որոշումը կայացնելիս սթրես չեմ ապրել։ Լավատես մարդ եմ՝ մտածում էի, որ էլի դերասանուհիներ են եղել, որոնք իրենց կամքով գնացել են նման քայլի, հիշում էի Նատալի Պորտմանին: Բացի այդ ինձ կարճ սանրվածքն էլ է սազում»,- ժպիտով ասաց դերասանուհին։

Սեդա Շահնազարյան

Կարճ կտրվածքից նա միայն մի դժգոհություն ունի՝ սանրվածքները, որոնցով կարող է ներկայանալ, շատ չեն․ «Անպայման մազերս պետք է կամ հյուսեմ, կամ ուղղացնեմ։ Դժգոհում եմ, բայց իրականում էլի ծանր չեմ տանում: Կարծում եմ՝ սա էլ կյանքի փուլ է, որն իր հետաքրքրություններն ունի։ Չեմ էլ պատրաստվում մազերս արհեստական երկարացնլմ։ Երբ երկար մազեր ունենամ, այս օրերը կարոտելու եմ»։

Եթե արտաքին ու ոճային պարտադրված փոփոխությունը դերասանուհուն քիչ, թե շատ անհանգստացնում է, ներքին փոփոխությունների մասին նա խոսում է միայն ժպիտով՝ նշելով, որ եղած յուրաքանչյուր փոփոխությունից ինքն անչափ գոհ է:

«Այդ դեպքից հետո իմ կյանքն իսկապես շատ-շատ փոխվեց, ընդ որում, դեպի լավը։ Իհարկե, մարդկանց կորստից անհնար է խուսափել, բայց ես ուրախ եմ թե՛ նրանց համար, որոնց կորցրել եմ, թե՛ նրանց համար, որոնց գտել եմ։ Եղան մարդիկ, որոնց ես թողեցի, եղան մարդիկ, որոնք ինձ թողեցին, բայց ես չեմ դժգոհում, որովհետև լ կորցրել նրանց, ովքեր դժվար պահին իմ կողքին չեն եղել։ Կարող էր իմ կյանքում նման դժվար էտապ չլինել, և ես, չիմանալով, թե ումից ինչ է պետք սպասել, ընկեր համարեի նրանց։ Գոհ եմ եղած ամեն բանի համար»,- ասաց նա:

Սեդա Շահնազարյան

Սեդան իրեն ակտիվ ու ինքնուրույն մարդ է համարում։ Ֆիզիկական դժվարությունները, ըստ դերասանուհու, ուղեկցվել են հոգեբանական դժվարություններով։ «Մտածում էի՝ վերջ, կյանքս կանգ է առել։ Ամեն վայրկյան ուզում էի անել հնարավորինը հունի մեջ ընկնելու, կյանքիս ռիթմը կրկին վերադարձնելու համար։ Շատ եմ կարևորում ինքնուրույնությունը, իսկ այդ ժամանակ ինքնուրույն չէի, կողքիս անպայման պետք է մարդ լիներ, որպեսզի օգներ ինձ։ Մանկուց ինքնուրույն լինելով՝ այդ իրավիճակը հոգեբանորեն բավականին դժվար հաղթահարեցի։ Սակայն իմ սպասածից ավելի կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի ես վերադառնամ կյանքի բնականոն ընթացքին»,- ասաց դերասանուհին։

Նա վստահ է, որ իրեն, ոտքի կանգնելու և կրկին առաջ շարժվելու հարցում օգնել է իր լավատեսությունը: «Երբ  ինքնուրույն գնացի բժշկի, նա էլ էր զարմացել, մտածում էին՝ ավելի քան վեց ամիս դեռ պետք է անկողնուն գամված լինեմ։ Այդ շրջանում հասկացա, թե ինչ մեծ դեր կարող են ունենալ ցանկությունն ու լավատեսությունը։

Ես շատ էի ցանկանում ապրել իմ նախկին ակտիվ կյանքով, այդպես էլ եղավ։ Պասիվությունն ինձ ուղղակի սպանում էր։ Ինձ նաև օգնեց լավատեսությունս, որի շնորհիվ երկար ժամանակ է, ինչ ապրում եմ իմ կյանքով, նոր հետաքրքրություններով, դասերով և ֆիլմերով։ Կարևորն այն ներքին զգացողությունն է, որ ես կրկին կայացած մարդ եմ, այնպես, ինչպես մինչև հիվանդանոցում հայտնվելս»։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կաքյում

Կիսվել