Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնն է
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
«Հիսուսի ծնունդն այսպես է եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը:
Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,- ներկայացրել է Qahana.am կայքը:
Ինչո՞ ւ է Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին
«Հաճախ հարցնում են, թե ինչու Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25-ին՝ մյուս Եկեղեցիների հետ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-ին։
Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվել է այն նպատակով, որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-ին։ Այդ ժամանակներում քրիստոնյաները շարունակում էին պահպանել իրենց հեթանոսական տոնակատարությունները, և որպեսզի այդ սովորույթները վերացվեն, Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։
Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 56-րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-ին (հին տոմարով՝ հունվարի 7-ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։
Այսպիսով՝ հավատարիմ մնալով ավանդույթին՝ Հայ Եկեղեցին մինչ օրս շարունակում է Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 6-ին։ Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին՝ ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19-ին»,- նշված է armenianchurch.org կայքում։



