Հիմա այն շրջանն է, երբ հնարավորություն կա երեխաներին լիարժեք ժամանակ տրամադրել. Աստղիկ Ալավերդյան
Հիմա այն շրջանն է, երբ հնարավորություն կա երեխաներին լիարժեք ժամանակ տրամադրել. Աստղիկ Ալավերդյան
Tert.am Life-ը գրում է․ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանն այս օրերին իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են երեխաներին։ Տնային առօրյան նրանց դեպքում պտտվում է Մոնթեի ու Շուշիի շուրջ։
Աստղիկը ժպիտով է պատմում՝ արդեն մոռացել է, թե երեխաների համար քանի խաղ է հորինել։ Չնայած մեկուսացմանն ու ոչ աշխատանքային առօրյային՝ օրվա ավարտին մայրիկը ուժասպառ է լինում։
Դերասանուհին տնային պայմաններում փոքրիկների առօրյան հագեցնելու և նրանց համար ժամանց ապահովելու իր փորձի մասին պատմել է Tert.am Life-ին։ Աստղիկը նշում է, որ փոքրիկների դաստիարակության հարցում իրենց համար միշտ առաջնային է նրանց ոգեշնչելը։
Քանի որ նրանց երեխաների տարիքային տարբերությունը քիչ չէ, Աստղիկն ասաց, որ աշխատում են նրանց հետ առանձին-առանձին խաղալ․ «Յուրաքանչյուր երեխայիս առանձին ժամանակ եմ տրամադրում և այդ ընթացքում զբաղվում եմ միայն իր հետ։
Բնականաբար, իրենց հետաքրքրությունները շատ տարբեր են։ Քանի աղջիկս քնած է լինում, տղայիս հետ եմ խաղում։ Ինքն ինձ համար դեր է մտածում, որի մեջ պետք է մտնեմ։ Ես գետնին նստում, իր հետ ավտոմեքենա եմ քշում, «ոստիկան-ոստիկան» ենք խաղում, իրեն բռնում եմ, իսկապես բավականին ակտիվ ժամանակ ենք անցկացնում։
Ամեն ինչ փորձում եմ այնպես դասավորել, որ իրեն հետաքրքիր լինի, քանի որ շատ շուտ կարող է ձանձրանալ։ Դստերս հետ էլ իր սիրելի զբաղմունքներն ունենք։ Վերջում երեքով բակում ենք փորձում ժամանակ անցկացնել, ներկել, սարքել, դասավորել»։
Աստղիկն ասաց, որ ամեն օր ժամանակն անցկացնելու նոր տարբերակ են մտածում, որպեսզի փոքրիկների համար միշտ հետաքրքիր լինի․ «Ամբողջ ընթացքում փորձում ենք նոր խաղեր հորինել։
Միշտ ուղեղիս լույսը վառ եմ թողնում, որ կարողանամ նոր զբաղմունքներ մտածել։ Չենք ուզում երեխաներն այս սահմանափակումը շատ զգան ու ձանձրանան։ Ուզում ենք վայելեն ժամանակը, որովհետև մենք էլ ենք այդպես անում։ Դժվար շրջան է, բայց փորձում ենք դուրս գալ այս վիճակից»։
Դերասանուհին նշեց, որ հիմա մայրիկները պետք է շատ լավ երևակայեն ու ամեն փոքր դրվագից, խաղալիքից մի ամբողջ խաղ հորինեն․ «Մենք, անկախ այս իրավիճակից, միշտ կարևորում ենք երեխաներին ոգևորելը։
Երբ ինքնուրույն խաղ է մտածում, «Լեգո» խաղալիքով ինչ-որ բան է պատրաստում կամ ցանկացած այլ հետաքրքիր մի բան է անում, մենք իրեն ոգևորում ու ասում ենք՝ ապրես, կեցցես։ Ինքն ավելի ուշադիր է դառնում, ուրախանում է ու ձգտում հաջորդն ավելի լավ անել։
Ես էլ իր հետ հավասար փորձում եմ վայելել այն, ինչ անում ենք։ Երբ ուղղակի եմ մասնակցում իր խաղերին, զգում է։ Ես էլ ամբողջովին մտնում եմ դերիս մեջ։ Հիմա այն շրջանն է, երբ հնարավորություն կա երեխաներին լիարժեք ժամանակ տրամադրել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում