Հիթրոու օդանավակայանում տղամարդկանց խումբը հարձակվել է մարդկանց վրա
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի ավտոկայանատեղիում անհայտ տղամարդը պղպեղի սփրեյի գործադրմամբ մարդկանց վրա հարձակվելուց հետո ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ տեղական ժամանակով առավոտյան 08:11-ի սահմաններում մարդկանց վրա հարձակման մասին հաղորդումից հետո զինված աշխատակիցներ են կանչվել ավտոկայանատեղի:
Ըստ մայրաքաղաքային ոստիկանության հայտարարության, տղամարդկանց խումբը դեպքի վայրից հեռանալուց առաջ ենթադրաբար պղպեղի սփրեյ հիշեցնող նյութ է փչել մարդկանց վրա։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման կասկածանքով մեկ տղամարդ է ձերբակալվել և հետաքննությունը շարունակվում է մյուս կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ենթադրվում է, որ նրանց ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։ Հիթրոու օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց աշխատակիցները վթարափրկարարական ծառայությունների հետ արձագանքում են միջադեպին։
Հիթրոուն ուղևորներին խորհուրդ է տվել լրացուցիչ ժամանակ նախատեսել օդանավակայան հասնելու համար, իսկ հարցերի դեպքում դիմել իրենց ավիաընկերությանը։ Տերմինալը բաց է եղել ամբողջ ընթացքում, թեև միջադեպը տրանսպորտի երթևեկության որոշակի խափանումներ է առաջացրել։



