«Հերոս ընկերներդ տխուր կդիմավորեն քեզ, որովհետև նրանք այլևս չեն ուզում ոչ մի հերոս ավելանա իրենց դամբանում»
«Հերոս ընկերներդ տխուր կդիմավորեն քեզ, որովհետև նրանք այլևս չեն ուզում ոչ մի հերոս ավելանա իրենց դամբանում»
Նառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մայիսի 17-ի շիկահունց մայրամուտը գուժեց՝ Սիսիան, որդիդ է ընկել…
Սառեց ժպիտը բոլորի, հոգու լարը դողղաց ցավից, Էդգարն է ընկել՝ համեստ ու զուսպ, աշխատասեր ու նպատակասլաց, գեղեցիկ կյանք ունենալու մեծ երազանքով, Էդգարն է ընկել՝ մեր բոլորի Էդգարը՝ Սուլեյմանյան ընտանիքի հույսն ու հավատը:
Գալուստդ մոտ էր զինվո՛ր, հառաչանքից այրված Սյունյաց սարերը մղկտում են, ձայն են տալիս իրենց հերոսներին՝ տուն դարձեք տղե՛րք, տուն դարձեք՝ ձեզ ձեր տունն է սպասում, ձեր անքուն գիշերներ լուսացնող մայրերն ու հայրերը, Ձեզ անհամբեր սպասող քույրերն ու եղբայրները:
Հույսերի գերեզմանում անպտուղ օրերը որբացել են , կյանքի տխրության ամպերը պատել են տունդ, իսկ դառը հեծության հառաչանքները լցվում են ձորերով մեկ:
Հայոց հրդեհի կարմիր բոցերում կյանքեր են այրվում, պաղ երկնքի ծոցում սրտեր են կանգ առնում:
Էդգար Սուլեյմանյանը ծնվել է 2003 թ-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմն. դպրոցում, այնուհետև 9-ամյա կրթությունից հետո անմիջապես անցել է աշխատանքի՝ ընտանիքը պահելու մեծ փափագ ու նպատակ ունենալով:
Այնուհետև զորակոչվել է հայոց բանակ և ծառաույթյան անցել զինված ուժերում:
Պարտաճանաչ և համարձակ զինվոր էր Էդգարը, կատարել է հրամկազմի բոլոր հրամանները, ռազմական գործողությունների կիզակետում է եղել: Երազում էր հայրենիքը խաղաղ տեսնել, հավատում էր այդ օրվան: Հենց այդ օրվա տեսլականով էլ զոհեց իր կյանքը, զոհվեց, որ մենք հայ մնանք,որ մենք Հայաստան ունենանք, որ մենք անհայրենիք չմնանք, որ մենք չորբանանք:
Ս/թ մայիսի 17-ին, Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհվեց Էդգարը:
Էդգար ջան, դու անմահության արտոնագիր ունես, դու այսօրվանից կհամալրես անմահ հերոսների շարքը, մի քարեղեն հուշ էլ ոտքի կկանգնի ու մի դրոշ քեզ հովանի կլինի:
Հերոս ընկերներդ տխուր կդիմավորեն քեզ, որովհետև նրանք այլևս չեն ուզում ոչ մի հերոս ավելանա իրենց դամբանում , բավ էէէ, թո՛ղ լռեն զենքերի շառաչն ու մարդկային հոգիների հառաչը….բավ էէէէ:
Խոնարհում քեզ, հերոս,հավերժ հիշատակ: Երազանքդ մի օր իրականություն կդառնա, մի օր սերունդները կգան շիրմիդ մոտ ու կպատմեն իրենց կապույտ հայրենիքի մասին ու գլուխ կխոնարհեն, նրանք կկերտեն վաղվա հայրենիքը՝ քո պահած հայրենիքը»: