Հերիք է բաժանվենք հանրապետականի ու նիկոլականի` հայրենիքը բոլորինս է. Շարմազանով
Վերջին զարգացումները և Ռուսաստանի ու Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունն ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում: Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններին: Ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախևառաջ մեր պետական շահը սպասարկելու առաջնահերթությունից ելնելով: Այսօր, ավելի քան երբևէ, պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի: Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որևէ այլ ձևաչափ չի կարող արդյունավետ փոխարինել ՀԱՊԿ-ին»,–ընդգծել է Շարմազանովը: Շարմազանովը հիշատակել է Ջոն Քենեդիին. եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ:
«Ժամանակն է գիտակցել ամենաառաջնայինը, իսկ ո՞րն է ՀՀ-ի համար ամենաառաջնայինը՝ դա արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք: Հերիք է բաժանվենք բոլշևիկի ու դաշնակցականի, ՀՀՇ-ականի ու ԱԺՄ-ականի, հանրապետականի ու նիկոլականի: Հերիք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչը թողեք պատմությանը, այն բոլորին կհատկացնի իր տեղը: Եթե, իհարկե, հիշի»,–ասում է Շարմազանովը:
Աղբյուր՝ armeniasputnik.am