ՄամուլՍպորտ

Հերթական նվաճումը․ անկախ Հայաստանի ջրային մարզաձևի պատմության մեջ նման արդյունք չէր գրանցվել

Շոտլանդիայում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում հայկական սպորտը նոր նվաճում է արձանագրել: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ ջրացատկորդները կանգնել են պատվո պատվանդանին: 10 մ աշտարակից սինքրոն ցատկերի մրցավեճում Վլադիմիր Հարությունյան- Լև Սարգսյան զույգը զիջել է միայն Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի զույգերին ու նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Երկար ժամանակ ջրային մարզաձևերի մրցաշարերը հայ մարզասերին ուրախություն կամ նվաճումներ չէին բերում: Պատճառները բազմաթիվ են, սակայն կան մարդիկ, ովքեր չնայած դժվարություններին հավատում էին իրենց սաներին ու իրենց աշխատանքին: Ջրային մարզաձևերը ու, մասնավորապես, ջրացատկը ժամանակին մեծ նվաճումներ է բերել Հայաստանին: Բայց այդ ամենը պատմություն է, որը կերտվել է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում:

Ջրացատկի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ նման արդյունքի սպասում էր, քանի որ ծանոթ էր տղաների ծրագրին և պատրաստականությանը. «Այս հաջողությունը պատահական չէր: Ութ տարի է ինչ մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ տղաները մարզվում ու մշակում էին իրենց ծրագիրը: Շատ ուրախ եմ, որ այդ դժվարին ու տքնաջան աշխատանքը պտուղներ տվեց ու շնորհավորում եմ բոլորիս»,–ասաց նա։

Գլազգոյում այսօր ոստնակացատկի սինքրոն ցատկերի մրցումներում հանդես կգան Վլադիմիր և Ազատ Հայրապետյան եղբայրները, իսկ օգոստոսի 12-ին 10մ աշտարակացատկի մրցումներին կմասնակցեն Լև Սարգսյանը և Վարդան Բայանդուրյանը:

https://youtu.be/zSXj6gZWJSw

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել