Մամուլ

Հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է, սակայն ոստիկանների քթի տակից դիմել է փախուստի

Հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 22-ին, նշված բաժին է ներայացել Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ե.-ն, ով եղել է հետախուզման մեջ և նրա նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:

Արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում համապատասխան փաստաթղթեր են կազմվում, որպեսզի նրան տեղափոխեն ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Փաստաթղթերը կազմելուց հետո ոստիկանական ավտոմեքենայով Արթուր Ե.-ին 2 ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, սակայն ճանապարհին Արթուր Ե.-ն իրեն ուղեկցող ոստիկաններին ասում է, որ ուզում է իրենց հետ գնա Արարատի մարզի իր տուն, որպեսզի այնտեղ հագուստներ ու անհրաժեշտ հիգիենայի պարագաներ վերցնի ու արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 00:30-ի սահմնաններում հասնում են Արթուր Ե.-ի տուն, որտեղ էլ վերջինը իջնում է ավտոմեքենայից՝ կնոջն ու երեխային տեսնելու, ապա ոստիկաններից մեկին նա հայտնում է, որ պետք է ներքնազգեստը փոխի ու մտնում է սենյակ: 

Ոստիկանը տեսնելով, որ նա մոտ 20 րոպե դուրս չի գալիս սենակից, բացում է դուռը, և տեսնում, որ սենյակի պատուհանը բաց է, իսկ Արթուր Ե.-ն պատուհանից դիմել է փախուստի: 

Ոստիկանը հետապնդում է կալանավորին, սակայն չի կարողանում գտնել ու դեպքի մասին տեղեկացնում է իր վերադասին, վերջիններն էլ տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությանը, որից հետո քրեական ու համայնքային ոստիկանները շարունակում են ժամեր շարունակ Արթուր Ե.-ի որոնողական աշխատանքները: 

Տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, նրանց օգնության են հասնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ովքեր տաք հետքերով պարզում են Արթուր Ե.-ի գտնվելու վայրը, ով Արարատի մարզի Արբաթ գյուղում է լինում և բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17:30-ին Արթուր Ե.-ն ներկայանում է քրեական ոստիկաններին, որից հետո նրան տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված դեպքի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով նշանկավել է ծառայողական քննություն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ե.-ն 2024 թվականի հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի և 255-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։