Շոու-բիզնես

«Հեռուստացույց նայելիս թվում է՝ հիմա հայհոյելու են»․ Արտյոմ Մարկոսյան՝ եթերում չլինելու պատճառի մասին

«Հեռուստացույց նայելիս թվում է՝ հիմա հայհոյելու են»․ Դերասան-հումորիստ Արտյոմ Մարկոսյանը մի քանի տարի է՝ բացակայում է եթերից. նա այս դադարը հիմնավորում է նախ` այլ ոլորտներում զբաղվածությամբ, ապա իրեն ու իր փորձին համապատասխան առաջարկի բացակայությամբ։

Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմ Մարկոսյանն անդրադարձել է հեռուստատեսությամբ ներկայումս մատուցվող հումորին և այլ ոլորտներում իր զբաղվածությանը։

«Եթերային դադարիս պատճառները շատ են․ զբաղվում եմ թատերական գործունեությամբ, հանդես եմ գալիս որպես ռեժիսոր-պրոդյուսեր, հաճախ մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն, ֆիզիկապես զբաղվածությունս շատ է։ Սակայն եթերից բացակայելս այլ կողմ էլ ունի։ Չկա այն առաջարկները, որոնք ես սրտանց կցանկանայի ընդունել։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ եղել են, բայց իմ փորձն ունեցող մարդն ամեն  ինչ չէ, որ կհամաձայնի անել, համենայն դեպս, իմ տեսակն այդպիսին է։ Թող անհամեստություն չլինի իմ ասածը, ես սա ոչ թե որպես անհամեստ մարդ եմ ասում, այլ դրա իրավունքն ունեցող մարդ՝ հաշվի առնելով հեռուստատեսային այն ճանապարհը, որն անցել եմ»,– ասաց նա։

Թե ինչպիսին պետք է լինի «համապատասխան» առաջարկը, Արտյոմ Մարկոսյանը դժվարացավ միանգամից ասել։ Հարցին` արդյոք խոսքը հոնորարի մասին է, դերասանը պատասխանեց․ «Ես անցել եմ այնպիսի ճանապարհ, իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես երբեք առաջին պլան չեմ բերում հոնորարը։ Իհարկե, պետք է լինի հոնորարային համապատասխան մոտեցում, բայց դա իր տեղում՝ ոչ առաջին։ Ես ունեմ լավի, որակյալի իմ չափանիշները և առաջարկն ըստ դրանց եմ դիտարկում»։

Դերասանի խոսքով` հեռուստատեսություն վերադառնալու ցանկություն միշտ ունի, որովհետև կյանքի զգալի մասը զբաղվել է այդ գործով։ «Այն իմ կյանքում մի քանի ստացված մասնագիտություններից առաջինն է և սիրելին։ Եթե իմ և մյուս կողմերի ցանկությունները համընկնեն, սիրով կհամագործակցեմ և կրկին կլինեմ հեռուստատեսությունում։ Իրականում, այսօրվա հեռուստատեսությունը ձգտում է էժան արտադրանքի՝ մատչելի է, արագ, հասանելի, առանց ռեսուրսներ ծախսելու ուզում են նախագիծ ստանալ։ Առաջարկների` ինձ չգոհացնելու հիմքում դա է ընկած։ Կարծում եմ` ես իրավունք չունեմ անել մի բան, որը կլինի վատը և մի քայլ հետ»,– ընդգծեց նա։

Արտյոմի կարծիքով` հեռուստատեսությունում որակական զգալի անկում կա։ «Հեռուստացույցով նպատակային ոչ մի բան չեմ նայում։ Այն այսօր որակական անկում է ապրել՝ սկսած սցենարական ու կատարողական, վերջացրած կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքով։ Խոսքս, իհարկե, բոլոր նախագծերի մասին չէ, բայց անկումն իսկապես մեծ է»,- ասաց Արտյոմը։

Դերասանի խոսքով` հեռուստատեսային ամենաթողության և վատ հումորի հիմքում վերահսկողության բացակայությունն է։

«Շատ վատ է, որ հիմա չկա գրաքննություն։ Ոչ մի սաստող բան չկա, որ ասեն ամոթ է` սա պետք չէ անել։ Չի կարելի հեռուստատեսությամբ ամեն ինչ հասցնել նման աստիճանի։ Հեռուստացույց նայելիս մի պահ թվում է, արդեն հայհոյելու են և վերջ։ Անընդունելի շատ բաներ կան։ Գռեհկությունն ամեն տեղ է՝ պահվածքից մինչև  խոսք ու հումորի տեսակ։ Հիմա կարծում են` մտածել, հումոր գրել, սցենարի վրա աշխատել, ինչ-որ բան կարդալ պետք չէ։ Իրար հետ խոսում են, մի թեթև ծիծաղում և մտածում, որ դա որպես հումոր կարող են ներկայացնել»,- ասաց Արտյոմն ու ավելացրեց, որ ամենավատն այն է, որ դա ընդունվում է մարդկանց կողմից։

Ըստ նրա` համացանցի ազդեցությունը հեռուստատեսության որակի վրա մեծ է։ «Համացանցը հարթակ է տալիս հասանելի դարձնելու ամեն տեսակի աղբ։ Ինտելեկտուալ սարսափելի անկում կա, ինչն էլ չի կարող կապ չունենալ որակական փոփոխության հետ։ Մեր դաստիարակության, ազգային մտածողության մեջ գոյություն ունեն բաներ, որոնք չի կարելի անտեսել։ Մենք օջախ ենք, տուն ենք, հո թափթփուկ չենք, որ ամեն ինչ թույլատրելի լինի։ Գուցե ուրիշ երկրներում ամեն ինչ կարելի է, բայց մեզ՝ ոչ, չի կարելի։ Հատկապես, հիմա, երբ համացանցը հեռուստատեսությունը մղել է երկրորդ պլան, կարելի է գոնե դա թողնել մաքուր, որպեսզի հեռուստատեսությունը դառնա սոցցանցերի ու համացանցի ֆիլտրացված տեսակը։ Վատը գտնելը հեշտ է, խնդիրը եղած լավը պահելն ու ցույց տալն է»,- շեշտեց Արտյոմը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել