Մամուլ

Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին և իրականացրել նախագահի խոստումը՝ գյումրեցի փոքրիկին

Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Արմեն Սարգսյանին և իրականացրել նախագահի խոստումը՝ գյումրեցի փոքրիկին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը:

Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման հրապարակից ջերմ զրույցն այնուհետև տեղափոխվել էր մոտակա սրճարան:

Հենրիխ Մխիթարյան

Ինչպես պարզվել էր, Մանվելը ֆուտբոլ շատ է սիրում և հատկապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ջերմ երկրպագու է: Իմանալով Մխիթարյանի հետ հանդիպելու՝ փոքրիկ Մանվելի վաղեմի ցանկության մասին, նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել էր նրան այդպիսի հնարավորություն ընձեռել:

Եւ ահա Հանրապետության նախագահի նստավայրում այսօր այդ հանդիպումը կայացել է: «Երբ ես Մանվելին հարցրեցի, թե որն է նրա երազանքը, ասաց՝ ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ՝ Հենրիխ Մխիթարյանի նման»,- Մանվելին ու Հենրիխին այսպես է ծանոթացրել նախագահ Սարգսյանը:

գյումրեցի փոքրիկ

Ոչ պաշտոնական մթնոլորտում նախագահ Սարգսյանը, Հենրիխ Մխիթարյանը և գյումրեցի փոքրիկ ֆուտբոլասերը զրուցել են ֆուտբոլի ու Մանվելի մանկական հետաքրքրությունների ու նախասիրությունների, երազանքների մասին: «Տեսնո՞ւմ ես՝ ինչ պարզ են մարդկանց երազանքները, կարող են մեկ օրում կատարվել» ,- Մանվելին ասել է նախագահ Սարգսյանը:

Հենրիխ Մխիթարյանն իր մակագրությամբ ֆուտբոլի գնդակ է նվիրել գյումրեցի երկրպագուին: Իսկ Հանրապետության նախագահի և անվանի ֆուտբոլիստի հետ համատեղ լուսանկարն ամբողջացրել է գյումրեցի Մանվելի՝ տպավորություններով հարուստ օրը:

Այնուհետև Հանրապետության նախագահն ու Հայաստանի հավաքականի ավագը խոսել են ֆուտբոլի զարգացման ընդհանուր միտումներից, հավաքականի խաղից ու նրա առջև դրված խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու Լոնդոնի «Արսենալ»-ից:

նվեր է մատուցել

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքը ֆուտբոլի երկրպագու է դեռ մանկության տարիներից: Նա պատմել է ֆուտբոլի ու Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ կապված իր հիշողություններից:

 «Երկար տարիների իմ ֆուտբոլային սերը մեծ առկայծումներ, ուրախության օրեր է ունեցել: Այդ օրերը 1973-1975 թվականներն էին,-ասել է նախագահը: – Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, բայց դրա պատճառը դու ես»: 

Նա շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլին և ազգային հավաքականին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ անելու է թե՛ հավաքականի կազմում, թե՛ անգլիական Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար:

Հենրիխ Մխիթարյանը նախագահ Սարգսյանին իր մակագրությամբ մարզաշապիկ է նվիրել:

Կիսվել